Հյուսիսային Կորեայի նոր առաջնորդը ևս մեկ պաշտոն է ստանձնել

Հյուսիսային Կորեայի նոր առաջնորդը ևս մեկ պաշտոն է ստանձնել

Հյուսիսային Կորեայի պետական առաջատար թերթում երկուշաբթի օրը հրապարակվել են տեղեկություններ, որոնց համաձայն երկրի հանգուցյալ ղեկավար Կիմ Ջոնգ Իլի ժառանգորդը ևս մեկ պաշտոն է ստանձնել:

Կոմունիստական կուսակցության «Ռոդոնգ Սինմուն» թերթում Կիմ Ջոնգ Ունը հիշատակվել է որպես երկրում իշխող Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար:

Այս պաշտոնը Կիմ Ջոնգ Ունին հնարավորություն է տալիս վերահսկելու երկրի ղեկավար բարձրագույն մարմինը:

Հիշեցնենք, որ Կիմ Ջոնգ Ունը շաբաթ օրը հայտարարվել է որպես Հյուսիսային Կորեայի զինված ուժերի գերագույն հրամանատար, ինչը նշանակում է, որ այս երկրում երկրորդ սերնդի իշխանության փոխանցումն իրականացվում է սահուն կերպով։

Կիմ Ջոնգ Ունին Հյուսիսային Կորեայում համարում են «հեղափոխության ժառանգորդ և ժողովրդի առաջնորդ»։

Երկրի պետական թերթերը գրում են, թե Կիմ Ջոնգ Ունը երկիրը պիտի առաջ տանի «ինքնավստահության ուղիով»՝ միաժամանակ շարունակելով հոր՝ Կիմ Ջոնգ Իլի ուսմունքը։ Թերթերը կոչ են անում ժողովրդին կանգնել երիտասարդ առաջնորդի կողքին և հավատարմորեն ենթարկվել նրա իշխանությանը։

Կիմ Ջոնգ Իլի կառավարման տարիներին Հյուսիսային Կորեան Արևմուտքի համար դարձել էր մտահոգության առարկա՝ երկիր, որն ունի մեծ բանակ, հարավային իր հարևանի՝ Հարավային Կորեայի նկատմամբ պատմական թշնամանք և միջուկային զենքեր արտադրելու ծրագրեր։

Հարավային Կորեայի նախագահ Լի Մյունգ-բակը հինգշաբթի օրը հույս է հայտնել, որ Հյուսիսում իրականացվող իշխանության անցումը կարող է երկու Կորեաների միջև հարաբերություններին հաղորդել որոշ ճկունություն։