Լոնդոնում լարված իրավիճակ է պահպանվում

Լոնդոնում լարված իրավիճակ է պահպանվում

Լոնդոնի ոստիկանությունը քաղաքում տեղի ունեցած խռովություններից հետո ձերբակալել է առնվազն 40 մարդ:

Քաղաքի Թոթենհեմ թաղամասի փողոցներ, որտեղ շաբաթ ուշ երեկոյան զանգվածային խռովություններ են տեղի ունեցել, դուրս են բերվել ոստիկանության լրացուցիչ և հատուկ ստորաբաժանումներ:

Պաշտոնական տվյալների համաձայն, Լոնդոնում խռովությունների պատճառով վնասվածքներ է ստացել ոստիկանության 26 ծառայող:

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում շաբաթ օրն անցկացված խաղաղ ցույցը, որի մասնակիցներն իրենց բողոքն էին արտահայտում ոստիկանության կողմից 29-ամյա մի տղամարդու սպանության հանգամանքով, դուրս էր եկել վերահսկողությունից, ինչի արդյունքում ցուցարարները քարեր են նետել ոստիկանության ծառայողների ուղղությամբ, ջարդել խանութների պատուհաններ, կրակի մատնել մեքենաներ և մի քանի շենք:

Թաղամասի որոշ բնակիչների համաձայն, տեղի ունեցած խռովություններն արդյունք են Լոնդոնի հյուսիսում արդեն երկար ժամանակ կուտակվող դժգոհության, որի պատճառներն են գործազրկության բարձր մակարդակը և մատուցվող պետական ծառայությունների կրճատումը: