Մատչելի հղումներ

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրապարակել է խռովությունների դեմ ուղղված միջոցները


Մեծ Բրիտանիայի վարչապետը հրապարակել է խռովությունների դեմ ուղղված միջոցները
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրապարակել է խռովությունների դեմ ուղղված միջոցները

Մեծ Բրիտանիայի վարչապետը նախատեսում է դիմել Միացյալ Նահանգների փորձին՝ հանցախմբերի կողմից իրականացվող բռնությունների դեմ պայքար վարելու և դրանք դադարեցնելու նպատակով:

Դեյվիդ Քեմերոնը հինգշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Մեծ Բրիտանիային խորհրդատվություն կտրամադրեն Միացյալ Նահանգների այն քաղաքները, որոնց թվում է Բոստոնը, Լոս Անջելեսն ու Նյու Յորքը, որտեղ հանցախմբերի դեմ պայքար է իրականացվել:

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի արտակարգ նիստի ընթացքում վարչապետը հայտնել է, որ նախատեսում է ապաակտիվացնել սոցիալական այն կայքերը, որոնց միջոցով խռովարարները համակարգել են իրենց գործունեությունը:

Քեմերոնը, որը նախկինում քննադատել է ոստիկանների արձագանքը խռովություններին, հետագայում համաձայնել է, որ երկրում տեղի ունեցած անկարգությունների առաջին օրվա ընթացքում խռովարարները թվով մեծապես գերազանցել են ոստիկանության ծառայողների թիվը: Վարչապետը նախատեսում է ոստիկանությունը լրացուցիչ լիազորություններ տրամադրել, ներառյալ փողոցներում բռնությունները կանխելու համար երիտասարդներին դիմակները հանել կարգադրելու լիազորություն:

Մեծ Բրիտանիայի վարչապետն ասել է նաև, որ նախատեսում է գալիք օրերին Լոնդոնում պահպանել 16 հազար ոստիկանության ծառայողի ներկայությունը և կարող է օգնության կանչել նաև զինուժի ստորաբաժանումները:

Ոստիկանության տվյալների համաձայն, ուրբաթ առավոտյան մահացել է խռովությունների ընթացքում հարձակման ենթարկված 68-ամյա մի տղամարդ՝ դառնալով խռովությունների հինգերորդ զոհը:

Երկրի դատարանները փորձում են հաղթահարել դատական մարմիններ ուղարկված մեծաքանակ գործերի պատճառով առաջացած աշխատանքի ծավալը:

Անցյալ շաբաթ օրվանից, երբ սկսվել էին խռովությունները, ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 1 200 մարդ:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում շաբաթ օրն անցկացված խաղաղ ցույցը, որի մասնակիցներն իրենց բողոքն էին արտահայտել ոստիկանության կողմից 29-ամյա մի տղամարդու սպանության հանգամանքով, դուրս էր եկել վերահսկողությունից, ինչի արդյունքում Թոթենհեմ թաղամասում ցուցարարները սկսել էին քարեր նետել ոստիկանության ծառայողների ուղղությամբ, ջարդել խանութների պատուհաններ, կրակի են մատնել մեքենաներ և մի քանի շենք:

Թաղամասի որոշ բնակիչների համաձայն, տեղի ունեցած խռովություններն արդյունք են Լոնդոնի հյուսիսում արդեն երկար ժամանակ կուտակվող դժգոհության, որի պատճառներն են գործազրկության բարձր մակարդակը և մատուցվող պետական ծառայությունների կրճատումը:

XS
SM
MD
LG