Հաագայի դատարանը կհետաքննի բռնությունները Լիբիայում

Հաագայի միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազը, ի պատասխան հակակառավարական ցույցերի մասնակիցների նկատմամբ Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիի կողմից գործադրված բռնությունների, սկսել է այս երկրում մարդկության դեմ հանցագործությունների դեպքերի պաշտոնական հետաքննությունը:

Դատարանը չորեքշաբթի օրը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն դատախազ Լուիս Մորենո-Օկամպոն ներկայացնելու է Լիբիայում փետրվարի 15-ից սկսած հակակառավարական ցույցերի ժամանակ իրականացված հանցագործությունների մասին ընդհանուր տեղեկություններ:

Մորենո-Օկամպոյի համաձայն, առկա տեղեկությունների ուսումնասիրությունը թույլ է տալիս կայացնել նախնական հետաքննություն անցկացնելու մասին որոշում:

ՄԱԿ-ի կողմից շաբաթ օրն ընդունված բանաձևում Անվտանգության խորհուրդն է հանձնարարել Միջազգային քրեական դատարանին իրականացնել Լիբիայում տիրող իրավիճակի հետաքննությունը: