Լիբիայում հինգշաբթի օրը տեղի են ունեցել հակակառավարական ցույցի մասնակիցների և երկրի անվտանգության ուժերի միջև մարդկային զոհերի պատճառ դարձած բախումներ:
Լիբիայի ընդդիմության կայքերում հրապարակված տվյալների համաձայն, երկրի երկրորդ խոշորագույն Բենգազի քաղաքում հինգշաբթի օրը տեղի ունեցած բախումների պատճառով վեց մարդ է զոհվել:
Այս քաղաքում նույն օրն անց է կացվել իրավաբանների կողմից կազմակերպված բողոքի մեկ այլ ցույց:
«Human Rights Watch» կազմակերպության տվյալներով, ցույցերի նախօրեին Լիբիայի անվտանգության ուժերը 14 մարդ են ձերբակալել:
Մայրաքաղաք Տրիպոլիում հինգշաբթի օրն անցկացվել է նաև երկրի ղեկավար Մուամար Ղադաֆիի կողմնակիցների երթը:
Երկրի իրավապաշտպան կազմակերպությունները, արտասահմանից գործող ընդդիմության առաջնորդները և ակտիվիստները, Եգիպտոսի և Թունիսի ընդդիմադիր ուժերի օրինակով, «ցասման օր» անցկացնելու ուղերձները տարածելու նպատակով օգտագործել են սոցիալական ցանցեր: