Լիբիայի ժամանակավոր կառավարության մարտիկների հարձակումը Բանի Վալիդում հետ է մղվել

Լիբիայի ժամանակավոր կառավարության մարտիկների հարձակումը Բանի Վալիդում հետ է մղվել

Լիբիայի ժամանակավոր կառավարության մարտիկները Մուամար Քադաֆիին հավատարիմ մնացող բնակավայրերում հանդիպել են ուժեղ դիմադրության:

Քադաֆիին հավատարիմ ուժերը Բանի Վալիդ քաղաքի հյուսիսային մուտքի մոտ տեղի ունեցած մարտի ընթացքում հրազենային ուժեղ կրակ են բացել՝ հետ մղելով Լիբիայի Անցումային ազգային խորհրդի մարտիկների մի քանի գրոհ: Վերջիններս ստիպված են եղել նահանջել՝ նոր հարձակում նախապատրաստելու նպատակով:

Լիբիայի ժամանակավոր կառավարության մարտիկները կիրակի օրը խուճապի են մատնվել և դիմել փախուստի ՝ Բանի Վալիդ քաղաքում գտնվող Քադաֆիին հավատարիմ ուժերի կողմից իրենց դիրքերի ուղղությամբ հարձակում կատարելու պատճառով:

Քադաֆիի ծննդավայր Սիրթ քաղաքում կիրակի օրը ժամանակավոր կառավարության ուժերի մարտերում կոփված մարտիկները նույնպես հանդիպել են ուժեղ դիմադրության:

Քադաֆիի նախկին խոսնակ Մուսա Իբրահիմը հայտնել է, որ Լիբիայի նախկին ղեկավարին հավատարիմ ուժերը վերջերս հաղթանակ են տարել մի քանի մարտում և «դեռ երկար ժամանակ կարող են շարունակել իրենց պայքարը»:

Իբրահիմը հայտնել է նաև, որ Քադաֆիին հավատարիմ ուժերը գերել են Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Քաթարի քաղաքացի բազմաթիվ վարձու զինվորներ, որոնք, իր համաձայն, ավելի ուշ ցուցադրվելու են հեռուստատեսությամբ, սակայն այլ մանրամասներ չի տրամադրել:

Իբրահիմի կողմից հաղորդած տեղեկություները դեռևս չեն հաստատվել անկախ աղբյուրների կողմից:

Լիբիայի Անցումային ազգային խորհուրդը կիրակի օրը նախատեսել է ներկայացնել նախարարների խորհրդի նոր կազմը, սակայն ժամանակավոր կառավարության վարչապետ Մահմուդ Ջիբրիլը հայտնել է, որ վերջին պահին անցկացված բանակցությունները «անորոշ ժամանակով» հետաձգել են նման որոշման կայացումը: