Հանդիպումներ Սպիտակ տանը` խաղաղության բանակցություններին ընդառաջ

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանը չորեքշաբթի օրն ընդունելու է մերձավորարևելյան պետությունների ղեկավարներին: Նրա կողմից գործադրվող ջանքերը ուղղված են մեկ տարվա ընթացքում Իսրայելի և պաղեստինցիների միջև խաղաղության պայմանագիր կնքելուն:

Անմիջական բանակցությունների պաշտոնական մեկնարկի նախօրեին Նախագահ Օբաման երկկողմ հանդիպումներ է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և պաղեստինցիների նախագահ Մահմուդ Աբբասի հետ:

ԱՄՆ-ի նախագահը նույնպես հանդիպելու է Հորդանանի թագավոր Աբդուլահի և Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի հետ, որոնց ղեկավարած պետությունները Իսրայելի հետ խաղաղության պայմանագիր կնքած արաբական միակ պետություններն են:

Բանակցությունների նախօրյակին մահմեդական «Համաս» շարժման զինյալ թևի անդամներից մեկը Հորդանան գետի արևմտյան ափին սպանել էր չորս մարդ, որոնց թվում էր հղի մի կին:

Դեպքից հետո պաղեստինյան անվտանգության ուժերը հարցաքննելու նպատակով կալանավորել են «Համաս»-ի մոտ 150 ակտիվիստ:

Պաղեստինցիների նախագահ Աբբասը և վարչապետ Սալամ Ֆայադը դատապարտել են կատարված սպանությունները: