Իրաքի Քրդստանը դադարեցրել է նավթի արտահանումը՝ մեղադրելով Բաղդադի կենտրոնական կառավարությունը երկրի ինքնավար այս շրջանում աշխատող նավթային ընկերություններին վճարումներ չկատարելու մեջ:
Քրդստանի բնական պաշարների նախարարությունը կիրակի օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի վճարներն ուշացվում են արդեն մոտ տասը ամիս: Իրաքի կենտրոնական կառավարության պաշտոնյաների համաձայն սակայն, ավելի քան 500 միլիոն դոլար կազմող վճարները հաստատվել են և սպասում են վերջնական ձևակերպման:
Բաղդադի և 1991 թվականից իր կառավարությունն ու զինված ուժերն ունեցող Քրդստանի միջև տարաձայնությունների հիմքում ընկած է նավթահանքերի և նավթի վաճառքի ստացվող եկամուտների վերահսկման խնդիրը: Իրաքի օրենսդիրները մինչ այժմ չեն ավարտել աշխատանքը Նավթ արտահանող երկրների կազմակերպության՝ ՕՊԵԿ-ի անդամ այս պետությունում աշխատող նավթային ընկերությունների գործունեությունը կարգավորող օրենքի մշակման վրա:
Հիշեցնենք, որ Քրդստանի ղեկավարության և Բաղդադի միջև սրվել է նաև քաղաքական լարվածությունը:
Շիաների կողմից գլխավորած Իրաքի կառավարությունն անցյալ տարվա դեկտեմբերին փորձել էր ձերբակալել երկրի փոխնախագահ Թարիք ալ-Հաշեմիին՝ կառավարության այլ անդամների սպանություններն իրականացնելու դավադրություն ծրագրելու մեղադրանքով:
Հաշեմին սակայն հայտնել էր, թե իր դեմ ներկայացված մեղադրանքներն ունեն Իրաքի վարչապետի կողմից հրահրվող քաղաքական բնույթ, որը, ըստ Հաշեմիի, ԱՄՆ-ի ռազմական ստորաբաժանումների երկրից դուրս գալուց հետո փորձում է իր ձեռքերում կենտրոնացնել իշխանությունը: