Մատչելի հղումներ

«Ալ-Քայիդա». Իրաքում ռմբակոծությունները դեռ նոր են սկսվում


Իրաքում գործող «Ալ-Քայիդա»-ի ստորաբաժանումն ուրբաթ օրը խոստացել է, որ Բաղդադում և երկրի այլ քաղաքներում խուճապի պատճառը դարձած ռմբակոծություններ դեռ «ընդամենը սկզբնական փուլում են»:

«Իրաքի իսլամական հանրապետություն» զինյալների խմբավորման կողմից իրենց կայքում հրապարակված հայտարարության համաձայն, խմբավորման կողմից Իրաքի անվտանգության ուժերի ծառայողներին թիրախ դարձնելու հանգամանքը բացատրվում է վերջիններից կողմից սունի բնակչության դեմ իրականացվող բռնի գործողություններով, ներառյալ խոշտանգումները, բանտարկություններն ու հողամասերի բռնագրավումը:

Հիշեցնենք, որ Իրաքի մայրաքաղաքում և երկրի հյուսիսային մի քանի քաղաքում հինգշաբթի օրն իրականացված մի շարք ռմբակոծությունների պատճառով զոհվել է առնվազն 35, վնասվածքներ ստացել՝ ավելի քան 100 մարդ:

Իշխանությունների համաձայն, ահաբեկիչների կողմից իրականացված հարձակումների թիրախն են դարձել անվտանգության ուժերի ծառայողները:

Բաղդադում հիմնականում շիաներով բնակեցված թաղամասերում իրականացված բազմաթիվ հարձակումների պատճառով զոհվել է առնվազն 15 մարդ: Հարձակումներից մեկն ուղղված է եղել երկրի առողջապահության նախարարի ավտոշարասյան դեմ, սակայն նախարարը վնասվածքներ չի ստացել:

Քիրքուք քաղաքում իրականացված ռմբակոծությունների պատճառով զոհվել է ինը մարդ: Հարձակումներ են իրականացվել նաև Սամառա և Թաջի քաղաքներում:

Անցյալ ամիս երկրի ութ քաղաքներում ինքնասպան ահաբեկիչների կողմից գրեթե միաժամանակ իրականացված ռմբակոծությունների պատճառով զոհվել էր 46 մարդ, 200-ը վնասվածքներ էր ստացել: Այս հարձակումներն իրականացվել էին Բաղդադում Արաբական պետությունների լիգայի ղեկավարների գագաթաժողովի նախօրեին:

XS
SM
MD
LG