Ժնևում մեկնարկել են բանակցությունները Իրանի միջուկային բարձրաստիճան բանագնացի և ԵՄ-ի արտաքին և անվտանգության հարցերով հանձնակատարի միջև, որոնց ընթացքում քննարկվելու է Իրանի վիճահարույց միջուկային ծրագիրը:
ԵՄ-ի արտաքին և անվտանգության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնը գլխավորում է երկուշաբթի օրը մեկնարկած բանակցությունները Սայիդ Ջալիլիի հետ, որոնց մասնակցում են նաև ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի բարձրաստիճան դիվանագետներ:
Երկօրյա բանակցությունները մեկ տարվա ընթացքում այս հարցի շուրջ բանագնացների առաջին հանդիպումն է: Սպասվում է, որ բանակցությունները չեն բերելու որևէ զգալի արդյունքի: Փորձագետների համաձայն, բանակցությունների ամենադրական արդյունքը կլինի դրանց շարունակության մասին պայմանավորվածության ձեռքբերումը:
Բանակցությունների նախօրեին Իրանի ատոմային էներգետիկայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին նշել է, որ իր երկիրն ունակ է ինքնուրույն իրականացնել միջուկային վառելիքի արտադրության համար պահանջվող ամբողջական շրջափուլը:
Այս հայտարարությամբ Սալեհին հանդես է եկել Իրանում «դեղին թխվածք» անվանվող ուրանի խտանյութի առաջին խմբաքանակն արտադրելուց հետո: