«Մոսկվայում և Ռուսաստանի այլ քաղաքներում մարտի սկզբին կալանավորվել և ծեծի են ենթարկվել խաղաղ ցուցարարներ»:
Այս հայտարարությամբ հինգշաբթի օրը հանդես է եկել միջազգային իրավապաշտպան «Human Rights Watch» կազմակերպությունը, որը հորդորել է Ռուսաստանի իշխանություններին անհապաղ պատասխանատվության ենթարկել ցուցարարների հանդեպ չափազանց ուժի կիրառելու մեջ մեղադրվող անվտանգության ուժերի ծառայողներին:
Իրավապաշտպանների համաձայն, Ռուսաստանում մարտի 4-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո իշխանությունները չեն խոչընդոտել բողոքի զանգվածային ցույցերի անցկացումը երկրի մայրաքաղաքում, սակայն հրաժարվել են թույլատրել նման ակցիաների անցկացումը Սանկտ Պետերբուրգ և Նիժնի Նովգորոդ քաղաքներում, որտեղ մարտի 5-ին և 10-ին անցկացված ժողովրդավարական ցույցերի ընթացքում ուժային կառույցները կալանավորել և ծեծի են ենթարկել ցույցերի մասնակիցներին:
«Վերջին մի քանի ամիսների ընթացքում Ռուսաստանի իշխանությունները հանրավորություն են ընձեռել ընդդիմախոսներին բողոքի զանգվածային ակցիաներ անցկացնել Մոսկվայում՝ առանց ոստիկանության միջամտության: Ընտրություններից հետո խաղաղ ցույցերի անցկացման կասեցումը սակայն կարող է խոչընդոտել դրական այս զարգացումները», - ասել է կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով տնօրեն Հյու Ուլիյամսոնը:
Ուլիյամսոնն նշել է, որ բողոքի ցույցերի անցկացման թույլտվություններ չտալով՝ իշխանությունները փաստորեն հրահրում են ցույցերի մասնակիցներին խախտել համապատասխան իրավական դրույթներ և օգտագործում են այդ հանգամանքը ցուցարարների կալանավորման և նրանց դեմ ուժ գործադրելու համար:
«Հավաքների ազատությունը ժողովրդավարության հիմնարար բաղադրիչն է: Քաղաքական նոր շրջանում Ռուսաստանը պետք է երաշխավորի խաղաղ հավաքների ազատության ապահովման գծով իր պարտավորությունների կատարումն ամբողջությամբ», - շեշտել է «Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով տնօրեն Հյու Ուլիյամսոնը: