«Բազմաթիվ խոչընդոտներ են ստեղծվել Դինքի սպանության գործում»

«Բազմաթիվ խոչընդոտներ են ստեղծվել Դինքի սպանության գործում»

«Հայազգի լրագրող Հրանտ Դինքի սպանությունից չորս տարի անց արդարադատությունը ոչ միայն չի իրականացվել, այլ ընդհակառակը` արդարադատության իրականացման համար ստեղծվել են բազմաթիվ խոչընդոտներ», - նշվել է Դինքի սպանության գործով զբաղվող փաստաբանների կողմից գործի ընթացքի զարգացման վերաբերյալ պատրաստված ամենամյա չորրորդ զեկույցում:

Զեկույցում փաստաբանները մեղադրել են թուրքական պետությանը պաշտոնյաներին պաշտպանելու, 2007 թվականի հունվարի 19-ին «Ակոս» օրաթերթի գրասենյակի առջև կատարված սպանության գործով խելամիտ պահանջները շարունակաբար մերժելու և վավերական ապացույցներն անտեսելու մեջ:

«Հուրիեթ» օրաթերթի փոխանցմամբ, փաստաբանների զեկույցում նշվում է, որ «դատավարության այս փուլում ամենանշանակալից և կրկնվող փաստն այն է, որ անվտանգության և հետախուզական ստորաբաժանումները թաքցրել, փոփոխել և ոչնչացրել են այն տեղեկություններն ու փաստաթղթերը, որոնց միջոցով հնարավոր կդառնար հայտնաբերել նյութական փաստերը, կեղծ վկայություններ ներկայացնելու միջոցով փորձել են մոլորեցնել հետաքննություն իրականացնող մարմիններին, ինչպես նաև կատարել ապացույցների մեքենայություններ»:

Հրանտ Դինքի ընտանիքը երկուշաբթի օրը դիմել է Ստամբուլի գլխավոր դատախազություն` պահանջելով արձակել կարգադրություն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից անցյալ տարվա որոշման հարկադիր կատարման մասին: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշման համաձայն, Թուրքիան թերացել է Դինքին պաշտպանելու գործում, չի իրականացրել իրենց պարտականությունները թերի կատարած անվտանգության մարմինների գործունեության պատշաճ հետաքննություն և անտեսել է լրագրողի խոսքի ազատության իրավունքը:

Իր դիմումում Հրանտ Դինքի ընտանիքը նշել է, որ Եվրոպական դատարանի որոշումը դադարեցրել է Թուրքիայի ներպետական որոշ օրենքների գործողությունը, որոնք նախկինում խոչընդոտել են պետական պաշտոնյաներին դատարանի առջև բերելուն:

Դինքի գործով հետաքննության անցկացման սկզբից իր ընտանիքի փաստաբանները բազմիցս նշել են, որ սպանությունը «ազգայնամոլ երեք կամ հինգ երիտասարդներ» չեն կազմակերպել: Նույնիսկ պաշտոնական զեկույցների համաձայն, Թուրքիայի «MIT» հետախուզական ազգային մարմինը չի իրականացրել բավարար մանրամասն հետաքննություն` ոստիկանության, ժանդարմերիայի և «MIT»-ի բարձրաստիճան պաշտոնյաներին հարցաքննությունը հնարավոր դարձնելու համար: