Մատչելի հղումներ

Թուրքիան Հրանտ Դինքի գործով տարբերակներ է ծանրութեթև անում


Սպանված լրագրող Հրանտ Դինքի դատական գործով Թուրքիայի պաշտոնյաների խիստ քննադատության արժանացած ելույթից հետո Թուրքիան փորձում է շտկել իրավիճակը: Դատավարության ընթացքում Թուրքիայի պաշտոնյաները զուգահեռներ էին անցկացրել Հրանտ Դինքի հայացքների և նեոֆաշիզմի միջև:

Երկրի արդարադատության, ներքին և արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչներից բաղկացած հանձնաժողովը աշխատում է հնարավոր լուծումների ճանապարհ մշակելու ուղղությամբ` ներառյալ այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն մինչև սեպտեմբեր ամսին Ստրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից որոշում կայացնելը:

Թուրքական «Հուրիեթ» օրաթերթի փոխանցմամբ` կառավարությունը դիմում է նաև փորձագետների, ներառյալ Եվրադատարանի նախկին դատավոր Ռիզա Թուրմենի օգնությանը: Նա առաջարկել է, որ Թուրքիան միակողմանի ընդունի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան խախտելու փաստը և փոխհատուցում վճարի, կամ տուժածի ընտանիքի հետ խնդիրը կարգավորի արտադատարանային կարգով:

Այս ամսվա սկզբին Հրանտ Դինքի գործով դատավարության շուրջ մեծ աղմուկ էր բարձրացել, երբ Թուրքիայի պաշտոնյաներն օգտագործել էին եվրոպական ֆաշիստական կազմակերպություններից մեկի ղեկավարի վերաբերյալ գործը որպես Հրանտ Դինքի հետապնդումն արդարացնելու օրինակ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն, արձագանքելով այդ օրինակին, արտահայտել է իր ափսոսանքը և ասել, որ «արտահայտելով իմ կարծիքը որպես մտավորական և որպես նախարար` կարծում եմ, որ դա անընդունելի է »: Սակայն նախարարը նշել է, որ որպես պաշտպանություն ներկայացված նյութն արդեն անհնար է հետ կանչել, քանի որ դատավարության այդ մասին ավարտվել է, բայցև կարծիք է հայտնել այն մասին, որ պետությունը խնդիրը կարող է կարգավորել տուժածի ընտանիքի հետ:

Մեկ այլ տարբերակի դեպքում, Թուրքիան կարող է սպասել դատարանի որոշումն ընդունելուն, որը, ամենայն հավանականությամբ, կկայացվի հօգուտ Հրանտ Դինքի ընտանիքի: Բացի այդ, Թուրքիան մեղավոր կճանաչվի արտահայտության ազատությունը խախտելու, Հրանտ Դինքի դեմ «թուրքական ինքնությունը վիարավորելու» մեղադնրանքով դատական գործ հարուցելու և նրա կյանքին բազմաթիվ սպառնալիքներ ստանալու պարագայում համապատասխան պաշտպանություն չտրամադրելով` կյանքի իրավունքը խախտելու համար:

Ռիզա Թուրմենն ասել է, որ «գործը որևէ կերպ չկարգավորելու և դատարանի կողմից որոշումն ընդունելու դեպքում Անկարան կարող է բողոքարկել այն: Ամեն ինչ կվերսկսվի: Այս դեպքում որոշումն ընդունելուց ընդամենը երեք ամիս անց Թուրքիան կարող է պահանջել, որ գործը ներկայացվի դատարանի Մեծ պալատի քննարկմանը»: Սակայն նա նշել է, որ Թուրքիայի կառավարությունը դեռ չի քննարկում այդ տարբերակը, քանի դեռ Եվրոպական դատարանը որոշում չի կայացրել:

Եվրոպական դատարանում ներկայումս դատավորի պաշտոն զբաղեցնող Այշե Իշիլ Կարաքաշը հրաժարվել է մեկնաբանություններ կատարելուց` ասելով, որ գործը դեռ քննության ըթնացքում է:

XS
SM
MD
LG