Հունաստանի նախարարների խորհուրդը սատարել է երկրի վարչապետ Գեորգիոս Պապանդրեուի նախաձեռնությունը, որի համաձայն հանրաքվեի է դրվելու Եվրոպական Միության կողմից Հունաստանի պետական պարտքի շուրջ գործարքի հարցը:
Հունաստանի կառավարության խոսնակը երկրի նախարարների խորհրդի կողմից չորեքշաբթի առավոտյան անցկացրած հանդիպումից հետո հայտնել է, որ հանրաքվեն կանցկացվի պարտքի շուրջ վերջին պայմանագրի մանրամասները կարգավորելուց անմիջապես հետո:
Հունաստանի վարչապետ Պապանդրեուի կողմից երեքշաբթի օրը պարտքի շուրջ գործարքը հանրաքվե դնելու մասին արված հայտարարությունը ցնցում է առաջացրել աշխարհում՝ առաջացնելով գների անկում աշխարհի շուկաներում:
Գերոգիոս Պապանդրեուն, դիմելով Հունաստանի նախարարների խորհրդին, ասել է, որ երկրի ժողովրդին անհրաժեշտ է հարցնել, արդյոք իրենք ցանկանում են պահպանել եվրոն որպես պետական արժույթ: Նա ասել է, որ ցանկացած գործարք կիրականացվի միայն Հունաստանի ժողովրդի համաձայնությամբ, և հույս հայտնել, որ իր անսպասելի հայտարարությամբ առաջացած ցանկացած իրարանցում ժամանակավոր բնույթ կունենա:
Հունաստանի վարչապետի Սոցիալական կուսակցությանն անդամակցող մի շարք օրենսդիրներ սակայն դեմ են պարտքի շուրջ գործարքի ճակատագիրը որոշելու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու գաղափարին: Կուսակցության որոշ անդամներ պահանջում են վարչապետ Պապանդրեուի հրաժարականը, իսկ նրա կառավարությանն ուրբաթ օրը երկրի խորհրդարանը կարող է անվստահության քվե հայտնել: