ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը ժամանել է Քաբուլ

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը ժամանել է Քաբուլ

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը չհայտարարված հրաժեշտի այցով շաբաթ օրը ժամանել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլ, որտեղ հանդիպելու է այս երկրի պաշտոնատար անձանց հետ, ինչպես նաև այցելելու ամերիկացի զինծառայողներին։

Գեյթսը Աֆղանստան է ժամանել Սինգապուրից, որտեղ շաբաթ օրն իր ելույթի ընթացքում հայտնել է թալիբների հետ խաղաղ բանակցություններ անցկացնելու հնարավորության մասին։

Պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսի համաձայն, հնարավոր է, որ թալիբների հետ խաղաղության բանակցությունները մեկնարկեն մեկ տարվա ընթացքում։

Սինգապուրում անցկացվող անվտանգության համաժողովի ընթացքում Գեյթսն ասել է, որ բանակցությունները կլինեն Աֆղանստանում զինյալների վրա գործադրվող ճնշման և ՆԱՏՕ-ի առաջխաղացման արդյունք։

Նա նշել է, որ եթե միջազգային ուժերը կարողանան պահպանել իրենց ձեռքբերումները, բանակցությունների և հաշտեցման համար հնարավորությունը կլինի բավականին բարձր։

Գեյթսը սակայն շեշտել է, որ Աֆղանստանի ապագայում որևէ դեր ունենալու համար թալիբները պետք է խզեն իրենց կապերն «ալ-Քաիդա»-ի հետ և հանձնեն բոլոր զենքերը։

Հաջորդ ամիս ԱՄՆ-ը նախատեսում է սկսել Աֆղանստանից զորքերի դուրսբերումը։ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ուժերի կողմից Աֆղանստանի ուժերին երկում անվտանգությունը պահպանելու պարտականությունները փոխանցելու գործընթացը ծրագրված է ավարտել 2014 վերջին։