ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի ԱՄՆ–ի և Չինաստանի միջև լարված հարաբերությունները վերականգնելու նպատակ ունեցող բանակցությունները հաջող են ընթացել։
«Կարծում եմ քննարկումները եղել են արդյունավետ, և դրանց արդյունքում նախապատրաստվել է երկու պետությունների զինված ուժերի միջև հարաբերությունները հաջորդ, առավել բարձր մակարդակի հասցնելու հիմք», ասել է ԱՄՆ–ի պաշտպանության նախարարը։
Օրվա սկզբին Գեյթսը այցելել է Չինաստանի միջուկային ուժերի կառավարման շտաբ, որտեղից իրականացվում է երկրի ռազմավարական ինչպես միջուկային, այնպես էլ՝ սովորական նշանակության հրթիռային ուժերի վերահսկողությունը։ ԱՄՆ–ը, ինչպես նաև Չինաստանը, ունեն միմյանց տարածք հասնելու ունակ հրթիռներ, սակայն նրանք հանդես են գալիս հրթիռային զենքն այդ նպատակներով չօգտագործելու հայտարարությամբ։
Գեյթսի համաձայն, բանակցությունները, որոնց ընթացքում քննարկվել են նաև Չինաստանի միջուկային ռազմավարության և հակամարտություններին ընդհանուր մոտեցումներ ցուցաբերելու մասին հարցեր, եղել են «բաց և համապարփակ»։ Եռօրյա այցի ընթացքում ԱՄՆ–ի պաշտպանության նախարարը հանդիպումներ է անցկացրել Չինաստանի զինուժի ղեկավարների, ինչպես նաև արտաքին գործերի նախարարի և երկրի նախագահ Հու Ջինթաոյի հետ։
«Ընդհանուր տպավորությունն այն է, որ Չինաստանի ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական ղեկավարությունը հաստատակամ է երկկողմ հարաբերությունները զարգացնելու հարցում։ Գուցե կան խմբեր, որոնց համար դա անընդունելի է, սակայն այս այցի ընթացքում այդպիսի կարծիքների չեմ հանդիպել», – ասել է ԱՄՆ–ի պաշտպանության նախարարը։
Ճապոնիայում հանդիպումներ անցկացնելուց հետո Ռոբերտ Գեյթսը, մինչեւ ԱՄՆ վերադառնալը, այցելելու է Հարավային Կորեա։