Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովը դեմ է հանդես եկել Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագծին

Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովը դեմ է հանդես եկել Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագծին

Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովը դեմ է հանդես եկել Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագծին, որի շուրջ քվեարկությունն այնուամենայնիվ կկայանա Սենատում գալիք երկուշաբթի օրը:

Սենատի իրավաբանական հանձնաժողովը չորեքշաբթի օրն իր կողմից ընդունված որոշումը հիմնավորել է այն հանգամանքով, որ օրինագիծն «անընդունելի է»:

«Ռադիո Ֆրանս Ինտերնասիոնալ»-ի վկայությամբ, օրինագծին դեմ է քվեարկել Սենատի հանձնաժողովի 23 անդամ, ինն անդամ քվեարկել է օրինագծին կողմ, ձեռնպահ է մնացել հանձնաժողովի ութ անդամ:

Ամենայն հավանականությամբ, երկուշաբթի օրը Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագծի շուրջ Սենատի լրիվ կազմով կայանալիք քվեարկության ընթացքում օրինագծին դեմ քվեարկած իրավաբանական հանձնաժողովի անդամ սենատորները կմնան ձեռնպահ:

Օրինագծի ընդունմանը սատարում է տարբեր կուսակցություններին անդամակցող օրենսդիրների մեծամասնությունը, սակայն Ֆրանսիայի կառավարությունը օրինագիծն ընդունելուն կողմ չի արտահայտվում:

«Մտավախություն կա, որ օրինագծի ընդունման դեպքում Թուրքիան կարող է խզել դիվանագիտական հարաբերությունները Ֆրանսիայի հետ» - գրում է «Ռադիո Ֆրանսի Ինտերնասիոնալ»-ը: