Հյուսիսային Կորեայի իշխանություններն օտարերկրյա լրագրողներին ցուցադրել են արձակման պատրաստվող հրթիռը:
Լրագրողներին ցուցադրվել է երկրի Հյուսիսային Փխենյան նահանգում գտնվող Թոնչանգ-րի մեկնարկային նոր հրապարակում գտնվող «Ունհա-3» հրթիռի բոլոր երեք աստիճանները, ինչպես նաև կառավարման կենտրոնը, որտեղ տեխնիկական անձնակազմը աշխատանքներ էր իրականացնում համակարգչային սարքավորումները կարգի բերելու շուրջ:
Պաշտոնական Փխենյանը նշել է, որ ապրիլի 12-ից 16-ն ընկած ժամանակահատվածում հրթիռի կայանալիք արձակման ընթացքում փոխադրվելու է միայն օդերևութաբանական արբանյակ, սակայն Հարավային Կորեան և Միացյալ Նահանգները պնդում են, որ իրականում իրականացվելու է միջմայրցամաքային հրթիռի փորձարկում:
Լրագրողների հետ հանդիպման ընթացքում «Ունհա-3» հրթիռի մեկնարկային հրապարակի ղեկավարը հայտնել է, թե Տիեզերքի մասին միջազգային պայմանագրի համաձայն, յուրաքանչյուր պետություն ունի խաղաղ նպատակներով տիեզերական տեխնոլոգիաներ մշակելու և տիեզերքն ուսումնասիրելու իրավունք:
Հարավային Կորեայի պաշտպանության նախարարի խոսնակը Սեուլում անցկացված մամուլի ասուլիսի ընթացքում նշել է սակայն, որ այս պետություն կառավարությունը սադրանք է համարում հրթիռ արձակելու Հյուսիսային Կորեայի ծրագրերը, որոնք վտանգում են խաղաղությունն ու կայունությունը ինչպես Կորեական թերակղզում, այնպես էլ Հյուսիսարևելյան Ասիայի ամբողջ տարածաշրջանում:
Փխենյանի հիմնական դաշնակից Չինաստանի արտգործնախար Յան Ձիեչին իր հերթին նշել է, որ իր երկիրն անհանգստացած է հրթիռ արձակելու մասին Հյուսիսային Կորեայի ծրագրերով: Ճապոնիայի և Հարավային Կորեայի իր գործընկերների հետ կիրակի օրն անցկացված մամուլի ասուլիսի ընթացքում արտգործնախարարը հորդորել է բոլոր կողմերին պահպանել հանգստություն ու խելամտություն և բոլոր խնդիրները լուծել դիվանագիտական միջոցներով: