Միավորված ազգերի կազմակերպության խաղաղապահների առաջին խումբը հինգշաբթի օրը ժամանել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս ՝ երկրում զինադադարի իրականացման վերահսկման առաքելության անցկացումը նախապատրաստելու նպատակով:
ՄԱԿ-ի խաղաղապահների առաջին խմբի ժամանելուց առաջ Միավորված ազգերի կազմակերպության և Արաբական պետությունների լիգայի խաղաղության հանձնակատար Քոֆի Անանի խոսնակ Ահմադ Ֆավզին հայտնել է լրագրողներին, որ Սիրիայի իշխանությունները, համաձայն զինադադարի ծրագրի, սկսել են դուրս բերել զորամիավորումները երկրի երեք շրջանից:
Ֆավզիի համաձայն, մինչև Սիրիայի կառավարության կողմից հավանության արժանացրած` ապրիլի 10-ին լրացող վերջնաժամկետը, բանագնացները «բռնությունների ամբողջական դադարեցում» են ակնկալում:
Քոֆի Անանի խոսնակը, չնայած այս երկրում չդադարող բռնությունների մասին հաղորդագրությունների, ասել է նաև, որ Սիրիայի կառավարությունը պարտավորվել է իրականացնել Անանի խաղաղության ծրագիրը:
Սիրիայի իրավապաշտպանները այս ընթացքում հայտնել են, որ Դամասկոսի արվարձան Դումայի ուղղությամբ ծանր և հրաձգային զինատեսակներից ուժգին կրակ է բացվել: Իրավապաշտպանները հայտնել են նաև հյուսիսային Հալեպ նահանգում՝ Թուրքիայի հետ սահմանի մոտակայքում տեղի ունեցած բախումների մասին:
Թուրքիայի իշխանությունները հինգշաբթի օրը հայտնել են վերջին օրվա ընթացքում այս երկրի տարածք Սիրիայից անցած ավելի քան 1600 փախստականի մասին:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների կողմից քննարկման է դրվել Խորհրդի նախագահի հայտարարության նախագիծը, որտեղ «խորը մտահոգություն» է արտահայտվում այն հանգամանքով, որ Սիրիայի իշխանությունները դեռևս չեն իրականացրել ձեռք բերված համաձայնությունը:
«Ամերիկայի Ձայն»-ի կողմից ձեռք բերված հայտարարության նախագծում նշված է, որ Անվտանգության խորհուրդը Բաշար ալ-Ասադի կառավարությունից պահանջում է «անմիջապես և գոծնականապես» վերջ տնել ծանր սպառազինության կիրառմանը և բնակավայրերից հետ քաշել զինված ուժերը:
ՄԱԿ-ի դիվանագետների վկայությամբ, Անվտանգության խորհրդի նախագահի հայտարարությունը կարող է ընդունվել հինգշաբթի օրը:
Միավորված ազգերի կազմակերպության տվյալների համաձայն, անցյալ տարի նախագահ Ասադի դեմ ապստամբության սկզբից Սիրիայում զոհվել է ավելի քան 9 հազար մարդ: