Կրեմլը ԱՄՆ-ին սպառնացել է «ճակատագրական հետևանքներով»՝ Ռուսաստանի տարածքին ամերիկյան զենքով հարվածելու թույլտվության համար

M142 Բարձր շարժունակության հրետանային հրթիռային համակարգ (HIMARS)

«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում փորձագետներն անդրադարձել են հարցին, թե արդյոք Կրեմլի սպառնալիքը պուտինյան վարչակազմի հերթական բլեֆն է։

Մոսկվան՝ Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի շուրթերով սպառնացել է ԱՄՆ-ին «ճակատագրական հետևանքներով»՝ Ռուսաստանի տարածքին ամերիկյան զենքով հարվածելու թույլտվության համար, որը Վաշինգտոնը, ինչպես հայտնի է, տվել է Կիևին։

Ռյաբկովը խոսել է «ասիմետրիկ միջոցների» մասին՝ հղում կատարելով նախագահ Վլադիմիր Պուտինի օրերս արված հայտարարությանը՝ ՆԱՏՕ-ի որոշ անդամ երկրների փոքր տարածքների ու խիտ բնակչության մասին։ Կրեմլի ղեկավարը նաև կոչ էր արել «տեղյակ լինել», թե ինչ են վտանգում։

Ռուսաստանցի դիվանագետի խոսքով, Վաշինգտոնը թերագնահատում է Մոսկվայի «հակազդման» լրջությունը։

Մոսկվան նաև վերջերս, դարձյալ, թափանցիկ կերպով ակնարկել էր միջուկային զենք կիրառելու մասին:

Հիշեցնենք, ըստ մամուլի, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը անցած ամսվա վերջին գաղտնի թույլատրել է Կիևին՝ ամերիկյան զինատեսակներով հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին՝ որոշակի սահմանափակումներով։ Մյուս կողմից, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին խնդրել է Վաշինգտոնին հնարավորություն ընձեռել ATACMS հեռահար հրթիռներ արձակել Ռուսաստանի խորք։

Արդեն իսկ՝ օրեր շարունակ արևմտյան սպառազինությամբ հարվածներ են հասցվում Ռուսաստանի տարածքին, և Կրեմլի կողմից առարկայական որևէ արձագանք նկատելի չէ՝ նշել է New Geopolitics Research Netwok-ի տնօրեն, ուկրաինացի ռազմական վերլուծաբան Միխայիլ Սամուսը։

«Ամերիկյան զինատեսակներով, մասնավորապես HIMARS-ով հարվածներ են հասցվել Բելգորոդի և Կուրսկի նահանգներին, և այն բացարձակապես ոչնչի չի հանգեցրել՝ [Մոսկվայի պատասխանի առումով]: Միգուցե, բացառությունն այն է, որ ԱՄՆ որոշ քաղաքներում Կրեմլի գաղտնի գործակալները կանաչ ներկ են ցողել McDonald’s-ի պատերին»,- ասել է Սամուսը։

Վերլուծաբանը հիշեցրել է՝ ուկրաինական ուժերը հարվածել են Ռուսաստանի խորքում գտնվող և ռազմավարական զսպման համար կիրառվող ռադիոտեղորոշիչ կայանին՝ Воронеж-М-ին, որը տեղակայված է Օրենբուրգի նահագնի Օրսկ բնակավայրի մոտ՝ Ուկրաինայի սահմանից 1500 կիլոմետր հեռավորության վրա․ «Մոսկվան նախընտրեց շրջանցել այդ թեման։ Նման օբյեկտներին հասցված վնասը լուրջ հարված է Ռուսաստանի միջուկային ուժերին, և ի պատասխան՝ ոչինչ։ Ուստի, դժվար է պատկերացնել, որ եթե Ուկրաինան Ռուսաստանի տարածքում պարբերաբար ոչնչացնի, օրինակ, զրահատեխնիկայով շարասյուները, ինչ արձագանք կստացվի»։

Միխայիլ Սամուսի խոսքով, ստեղծված իրավիճակում ռուսաստանցի պաշտոնյաները պետք է ինչ-որ բան ասեին, ու․․․ վերջ. «Եվ ասում են, թե ՆԱՏՕ-ն զղջալու է: Այս համատեքստում ինձ հատկապես դուր է գալիս «ասիմետրիկ պատասխան» արտահայտությունը։ Ի՞նչ է այն նշանակում: Ի՞նչ է անում Հյուսիսային Կորեան՝ Մոսկվայի դաշնակիցը, օդապարիկներ է ուղարկում իր հարևանների տարածք։ Իհարկե, կարող եք նույնը անել՝ Բերինգի նեղուցով ուղարկել Ալյասկա»։

Վերլուծաբանը դժվարացավ ասել, թե «ասիմետրիկ կամ սիմետրիկ»՝ անհամաչափ կամ համաչափ ինչ քայլ կարող է ձեռնարկել Կրեմլը․ «Ռուսաստանն ակնհայտորեն սխալ պահ է ընտրել Արևմուտքին սպառնալու համար։ Ցանկացած գործողություն պետք է բխի այն երկրի շահերից, որն իրականացնում է դրանք»։

Իր հերթին՝ Կանադայում գործող Քուինսի համալսարանի Միջազգային և պաշտպանական քաղաքականության կենտրոնի հետազոտող Մաքսիմ Սթարչակի ներկայացմամբ, Ռուսաստանը կշարունակի սրել իրավիճակը, բայց, այնուամենայնիվ, որոշակի սահմաններում։ Օրինակ, Կրեմլը կարող է միջուկային զենք կրող հրթիռների լրացուցիչ քանակ տեղակայել Ռուսաստանի եվրոպական տարածքում՝ առանց միջուկային մարտագլխիկների։

«Ասենք, Искандер հրթիռներ, կամ կարող է հայտարարել, թե մարտավարական հրթիռների վրա միջուկային մարտագլխիկներ կտեղակայվեն՝ մարտական հերթապահության համար։ Մասնավորապես, սա կարող է վերաբերել սուզանավերի կամ օդանավերի թևավոր հրթիռներին: Այժմ, Ռուսաստանի մարտավարական միջուկային զենքերը գտնվում են պահեստներում՝ իրենց կրիչներից զատ»,- ասել է Սթարչակը:

Բացի այդ, ըստ վերլուծաբանի, Ռուսաստանը, որպես ցուցադրական քայլ, կարող է ստեղծել մարտավարական միջուկային զենք կրող հատուկ զորամաս. «Հնարավոր են նաև որոշ պատասխաններ սովորական սպառազինությամբ, բայց դժվար է պատկերացնել, թե Պուտինը պատրաստ է առաջինը ռմբակոծել ՆԱՏՕ-ի երկրները, որովհետև նման մտադրության պարագայում ՆԱՏՕ-ի այն երկրները, որտեղից Ուկրաինա սպառազինություն է առաքվում, արդեն ռմբակոծված կլինեին»։

Ամերիկյան փորձագետների մեկնաբանությունը

American Enterprise Institute-ի ավագ գիտաշխատող Լեոն Արոնի խոսքով, Ռյաբկովի հայտարարությունը յուօրինակ ստուգատես է. «Նման է սովորական շանտաժի։ Փորձնական քար են նետում, տեսնում արձագանքը: Եթե տեսնեն վախ կա այս կողմում, ավելի մեծ քար կնետեն»:

Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Սթիվեն Սեստանովիչը ուշադրություն է հրավիրել․ «Պուտինն ու նրա խորհրդականները ակնհայտորեն վրդովված են, որ ԱՄՆ-ը թուլացնում է Ուկրաինայի առջև դրված սահմանափակումները։ Ուստի, Մոսկվայում դիմում են միջուկային զենքի օգտագործման տարբերակին: Սակայն արևմտյան կառավարությունները ուշադիր են այդ հարցում և չեն հավատում միջուկային զենք կիրառելու Պուտինի ակնարկներին։ Այդ իսկ պատճառով ռուսական կողմը փորձում է սրություն մտցնել իր հայտարարության մեջ։ Քանի որ միջուկային զենք օգտագործելու պատճառ չկա, Կրեմլը փորձում է արևմտյան կառավարություններին անհանգստացնել, թե Պուտինը կարող է սակավ խելամիտ լինել և կիրառել այն: Այս մարտավարությունը կոչվում է «իռացիոնալության ռացիոնալություն», և Պուտինը առաջին ղեկավարը չէ, ով փորձում է այդ անել։ Իսկ Ռյաբկովի հայտարարության մեջ ինձ ամենաշատը ցնցեց նրա մանկակամիտ մոտեցումը։ [Ռուսաստանի] արտգործնախարարության պաշտոնյան մեղադրում է արևմտյան առաջնորդներին՝ տեսախաղերին շատ ժամանակ հատկացնելու մեջ։ Լո՞ւրջ։ Փոխնախարարին կարող եմ վստահեցնել, որ Ջո Բայդենը տեսախաղեր չի խաղում»։

«Չպետք է ամբողջությամբ անտեսել Ռուսաստանի փոխարտգործնախարարի հայտարարությունը, սակայն պարոն Ռյաբկովի «նախազգուշացումն» արդեն իսկ լսել ենք Ռուսաստանի արտգործնախարարությունից նախորդ 25 ամիսների ընթացքում, որի միջոցով [Կրեմլը] փորձում է խոչընդոտել Արևմուտքի աջակցությունն Ուկրաինային։ Մոսկվան վատ է աշխատել կարմիր գծեր սահմանելու հարցում, սակայն սա չի նշանակում, թե Մոսկվան կարմիր գծեր չունի։ Ուկրաինայի կողմից ՆԱՏՕ-ական զորքերի մարտի մեջ մտնելը կարող է հատել այդ կարմիր գիծը, բայց ՆԱՏՕ-ն դրան չի համաձայնվի: Սակայն Արևմուտքի կողմից [Կիևին] ավելի բարդ զենքերի մատակարարումը, օրինակ՝ Sea Scout-ը, ATACMS-ները և դրանց կիրառման առնչությամբ առկա սահմանափակումների մեղմացումը, կարծես, չեն դրդի ռուսներին ձեռնարկել այնպիսի ռազմական գործողություններ, որոնք նրանք, ամեն դեպքում, չէին ձեռնարկի»,- նշել է Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան, Սթենֆորդի համալսարանի ներկայացուցիչ Սթիվեն Փայֆերը։

Իր հերթին՝ Համաշխարհային քաղաքականության ինստիտուտի հետազոտող Նատալի Ֆոգելի խոսքով, որևէ նոր բան չկա Ռուսաստանի փոխարտգործնախարարի հայտարարության մեջ։

«Ի տարբերություն Twitter-ում Դմիտրի Մեդվեդևի հարբած գրառումների, Ռյաբկովի խոսքերը ամերիկյան քաղաքականության ուղղությամբ մասնագիտացած խորհրդային դիվանագետության դասագրքերից են։ Ռյաբկովը ձևացնում է, թե դիմում է ԱՄՆ ղեկավարությանը, այնինչ իր ուղերձն է ուղղում լայն լսարանին։ Սա ԱՄՆ ընտրազանգվածին՝ ընտրություններից առաջ վախեցնելու ակնհայտ փորձ է։ Ռյաբկովը նպատակ ունի ընկճել արևմտյան հանրությանը։ Խոսելով ասիմետրիկ պատասխանի մասին՝ Ռյաբկովն, ըստ էության, հաստատում է այն, ինչ ՆԱՏՕ-ի երկրներն արդեն գիտեն Ռուսաստանի անվտանգության հայեցակարգի հրապարակումից հետո։ Կրեմլի նախընտրածը հիբրիդային պատերազմն է, և 2022 թվականից ի վեր տեսել ենք նման գործողությունների աճ, ներառյալ՝ քաղաքական դիվերսիա, կիբեռհարձակումներ, դիվերսիոն գործողություններ, նույնիսկ՝ սպանությունները ՆԱՏՕ-ի տարածքում»,- ասել է Ֆոգելը:

Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի պատվավոր պրոֆեսոր Ֆիլիպ Սեյբը նշել է, «Պուտինն ու Ռյաբկովը, հավանաբար, մոռացել են, թե ով է սկսել պատերազմը։ Ոչ թե Ուկրաինան, այլ Ռուսաստանն է ներխուժել հարևանի տուն, և հիմա, երբ Ուկրաինան նոր զենք է ձեռք բերել դաշնակիցներից, ռուսաստանցի պաշտոնյաները խոսում են միջուկային պատերազմի սցենարի մասին՝ փորձելով վախեցնել Ուկրաինային և ՆԱՏՕ-ի երկրներին»:

Սեյբը ընդգծել է՝ իհարկե, միջուկային զենքի կիրառման ցանկացած հեռանկար մտահոգիչ է, բայց արևմտյան դաշնակիցները չեն կարող իրենց թույլ տալ կաթվածահար լինել նման սպառնալիքների պատճառով․ «Ռուսաստանը կարող է պարտվել պատերազմում՝ նաև այն պատճառով, որ Ուկրաինան օգտագործում է ՆԱՏՕ-ի մատակարարած զենքերը: Եվ նույնիսկ Պուտինի նման բռնապետը, հավանաբար, չի կարող մնալ իշխանության, եթե իր երկիրը հասնի աղետալի պարտության: Կրեմլի պաշտոնյաների հայտարարությունները վախեցած մարդկանց խոսքեր են, ովքեր ընդունակ չեն ղեկավարել Ռուսաստանը»։