Հրանտ Դինքի գործով հետաքննվելու է Թուրքիայի բազմաթիվ պաշտոնյաների գործունեությունը

Հրանտ Դինքի գործով հետաքննվելու է Թուրքիայի բազմաթիվ պաշտոնյաների գործունեությունը

Ստամբուլի դատախազությունը սկսել է Թուրքիայի բարձրաստիճան 28 պաշտոնյայի գործունեության հետաքննությունը, ովքեր մեղադրվում են հայազգի լրագրող Հրանտ Դինքի սպանության գործի ընթացքում իրենց պաշտոնական պարտականությունները չկատարելու մեջ:

«Հուրիեթ» թերթի փոխանցմամբ, գործի շրջանակների ընդլայնման վերաբերյալ լուրերը ողջունել են Դինքի ընտանիքի անդամները և փաստաբանները, որոնք երկար ժամանակ քննադատել են լրագրողի սպանության գործի դանդաղ ընթացքը:

«Սա շատ դրական զարգացում է: Հուսով եմ` այն կբերի իրական արդյունքների», - ասել է Դինքի ընտանիքի փաստաբան Ֆեթիյե Չեթինը:

Փաստաբանի համաձայն, իրենք սպասել են նման հետաքննության անցկացում, քանի որ հունվարի 17-ին դիմել են դատախազությանը` պահանջելով Թուրքիայում ի կատար ածել այս գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը:

Հրանտ Դինքի ընտանիքը վերջերս ներկայացրել էր նոր փաստարկներ, որոնց համաձայն նախնական քննության ընթացքում պետական, ոստիկանության և ժանդարմերիայի պաշտոնատար անձանց հարցաքննության չենթարկելու հանգամանքը պետք է ընդգրկվի այս գործի շրջանակներում: Այս պահանջի հիմքում ընկած է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը, որի համաձայն Թուրքիան մեղավոր է ճանաչվել հայազգի լրագրողի կյանքի և խոսքի ազատության իրավունքի պաշտպանության ապահովման մեջ թերանալու համար: