ԱՄՆ-ի արտգործնախարարը հանդիպել է Ադրբեջանի իր գործընկերոջ հետ

ԱՄՆ-ի արտգործնախարարը հանդիպել է Ադրբեջանի իր գործընկերոջ հետ

ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը Վաշինգտոնում հունիսի 3-ին հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին։

ԱՄՆ-ի արտգործնախարարության մամուլի հաղորդագրության համաձայն, հանդիպումից առաջ Քլինթընը ողջունել է Մամեդյարովին՝ իր խոսքում շեշտելով Միացյալ Նահանգների և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարևորությունը և այն հանգամանքը, որ երկու պետությունները համատեղ աշխատում են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրների լուծման շուրջ։

«Մենք հանձն են առել մեր հարաբերությունների լայնացմանն ու խորացմանը, ինչպես նաև, Մինսկի խմբի միջոցով աշխատելիս, Լեռնային Ղարաբաղի վաղեմի հակամարտության լուծմանը», - ողջույնի իր խոսքում ասել է ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը։

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն իր պատասխան խոսքում կարծիք է հայտնել այն մասին, որ Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները բավականին լավ են զարգանում և նշում կատարել այս հարաբերությունների ռազմավարական բնույթի մասին։

Մամեդյարովն ասել է, որ ԱՄՆ-ին և Ադրբեջանին անհրաժեշտ է խորացնել և ամրապնդել երկկողմ հարաբերությունները։

Մամեդյարովը շնորհակալություն է հայտնել տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու փորձերի շուրջ, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը վերաբերող Քլինթընի խոսքերի համար:

«Նախագահները վերջերս հանդես են եկել հայտարարությամբ, որը, կարծում եմ, ցույց է տալիս, որ չլուծված հակամարտությունները մնում են միջազգային հանրության տեսադաշտում։ Բոլորս պետք է ավելի շատ ջանք գործադրենք՝ դեպի առաջ քայլ կատարելու համար» - ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։