Չինաստանի նախագահ Հու Ջինթաոն ԱՄՆ կատարած իր չորսօրյա այցի վերջին օրն անց է կացրել Չիկագոյում:
Աճստեղ նա այցելել է չինարեն լեզու և չինական մշակույթ դասավանդող դպրոցներից մեկը, որտեղ նրան չինարեն ողջունել են դպրոցի աշակերտները:
Չինաստանի նախագահը նաև հանդիպում է անցկացրել գործարարների հետ չինացի սեփականատերերին պատկանող ավտոպահեստամասեր արտադրող մի գործարանում:
Հու Ջինթաոն հինգշաբթի օրը հանդիպում է անցկացրել Չիկագոյի քաղաքապետ Ռիչարդ Դեյլիի հետ և քաղաքի ղեկավարության հետ մասնակցել ընթրիքի: Նա նշել է, որ Չիկագոն «նախաձեռնող և նորարար ոգու» օրինակ է, որն օգնել է ԱՄՆ-ին դառնալ աշխարհի գերտերություն:
Չինաստանի նախագահը ԱՄՆ-ի երրորդ խոշորագույն քաղաք է ժամանել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի և կոնգրեսականների հետ Վաշինգտոնում անցկացված հանդիպումներից հետո, որոնց ընթացքում քննարկվել են մի շարք նուրբ հարցեր` ներառյալ Հյուսիսային Կորեայի հետ հարաբերություններին, մարդու իրավունքների պաշտպանությանը և տնտեսությանն առնչվող խնդիրներ: