Չինաստանը զգուշացրել է Հյուսիսային Կորեային

Չինաստանը, միանալով աշխարհի այլ պետություններին, զգուշացրել է Հյուսիսային Կորեային՝ ասելով, թե այլևս չի հանդուրժի Փխենյանի սադրանքները:

Չինաստանի կոմունիստական կուսակցության «Գլոբալ Թայմս» օրաթերթում երեքշաբթի օրը հրապարակված նյութում նշվել է, թե Փխենյանը սխալվում է՝ կարծելով, որ Պեկինի կարծիքը կարելի է անպատիժ անտեսել»:

«Հյուսիսային Կորեան թանկ կվճարի՝ իր նկատմամբ Չինաստանի կողմից վարվող քաղաքականությունը չարաշահելու դեպքում», - գրված է թերթում:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երկուշաբթի օրը խիստ քննադատության է ենթարկել Հյուսիսային Կորեային՝ անցյալ շաբաթ գործողության երկար շառավիղ ունեցող հրթիռի արձակումն իրականացնելու համար:

Անվտանգության խորհրդի կողմից ընդունված բանաձևում անցյալ ուրբաթ իրականացված արձակումը « Փխենյանի կողմից բալիստիկ հրթիռային տեխնոլոգիաների օգտագործումը սահմանափակելու նպատակով ընդունված Անվտանգության խորհրդի բանաձևերի կոպիտ խախտում» է անվանվել:

Բանաձևում նշվել է նաև, որ Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակումն առաջացրել է մտահոգություն Արևելյան Ասիայի տարածաշրջանում անվտանգության վերաբերյալ:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդ կողմից ընդունված բանաձևը պահանջում է, որպեսզի Հյուսիսային Կորեան ապագայում զերծ մնա բալիստիկ տեխնոլոգիա օգտագործվող հրթիռների արձակումից և հորդորում Փխենյանին «դադարեցնել միջուկային սպառազինության և միջուկային ոլորտին վերաբերող բոլոր ծրագրերը՝ համապարփակ, անշրջելի և ստուգման ենթակա եղանակով»:

Հիշեցնենք, որ անցյալ ուրբաթ վաղ առավոտյան Հյուսիսային Կորեայի իշխանությունները Հյուսիսային Փյոնգան նահանգում տեղակայված «Թոնգչանգ-րի» մեկնարկային հրապարակից իրականացրել էին հրթիռի արձակում, սակայն ավելի ուշ հայտնել, որ հրթիռը նախանշված ուղեծիր դուրս չէր եկել: