Մեթյու Բրայզայի թեկնածությունը երեքշաբթի օրը չքվեարկվեց ԱՄՆ-ի Սենատի հանձնաժողովում

Մեթյու Բրայզան՝ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի սենատորների հարցերին պատասխանելիս

ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը երեքշաբթի օրը քվեարկությամբ հավանություն տվեց ավելի քան 3Օ երկրներում ԱՄՆ-ի նոր դեսպանների պաշտոնում նախագահ Բարաք Օբամայի կողմից ներկայացված թեկնածություններին։ Սակայն Մեթյու Բրայզայի թեկնածության շուրջ, որին նախագահը ցանկանում է տեսնել Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում, քվեարկություն տեղի չունեցավ։

Բրայզայի անունն անցյալ շաբաթավերջին քիչ ուշացումով ընդգրկվեց Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի այն ցուցակում, որի շուրջ քվեարկությունն անց էր կացվելու օգոստոսի 3-ին։

Հուլիսի 22-ին հանձնաժողովում անցկացված լսումների ընթացքում Բրայզան հայտնվեց սենատորներ Բարբարա Բոքսերի եւ Ռոբերտ Մենենդեսի խիստ հարցերի ներքո, որոնց տվեց միայն կցկտուր պատասխաններ։

Հարցերը վերաբերում էին Ղարաբաղյան հակամարտությունը լուծելու գործում նրա ՝՝կողմնակալ՛՛ դիրքորոշմանը, Ստամբուլում իր հարսանիքի համար ստացված նվիրատվություններին, Ադրբեջանում հայկական գերեզմանոցները քանդելու օրերին նրա անտարբերությանը, ազգային ինքնորոշման իրավունքի շուրջ նրա ՝՝անթույլատրելի դիրքորոշմանը՛՛։

Ըստ որոշ տեղեկությունների, հանձնաժողովի անդամներին չեն գոհացրել նաեւ Բրայզային հաջորդ օրերին սենատորների կողմից հղված գրավոր հարցերի գրավոր պատասխանները։

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովից ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի հայկական ծառայությանը տեղեկացրին, որ Բրայզայի շուրջ քվեարկությունը արգելափակելու նախաձեռնությամբ հանդես է եկել Կալիֆորնիան ներկայացնող սենատոր Բարբարա Բոքսերը: Քվեարկությունը հետաձգվել է մինչեւ Կոնգրեսի ամառային արձակուրդների ավարտը։

Այս ընթացքում երկրի նախագահն ունի որեւէ թեկնածուի, առանց Սենատի հաստատման, դեսպանի պաշտոնում նշանակելու իրավունք։ Սակայն այդ քայլը կարող է դիտվել որպես Սենատի հետ նախագահի հակադրում: