ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզայի թեկնածության շուրջ քվեարկելու է սեպտեմբերի 21-ին կայանալիք նիստին: Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պաշտոնական կայքէջից:
Հիշեցնենք, որ համանման քվեարկությունը, որը նախատեսված էր անցկացնել օգոստոսի 3-ին, տեղի չէր ունեցել:
Բրայզայի շուրջ քվեարկությունը արգելափակելու նախաձեռնությամբ հանդես էր եկել Կալիֆորնիան ներկայացնող սենատոր Բարբարա Բոքսերը:
Հուլիսի 22-ին հանձնաժողովում անցկացված լսումների ընթացքում Բրայզան հայտնվել էր սենատորներ Բարբարա Բոքսերի եւ Ռոբերտ Մենենդեսի խիստ հարցերի ներքո, որոնց տվեց միայն կցկտուր պատասխաններ։
Հարցերը վերաբերում էին Ղարաբաղյան հակամարտությունը լուծելու գործում նրա «կողմնակալ» դիրքորոշմանը, Ստամբուլում իր հարսանիքի համար ստացված նվիրատվություններին, Ադրբեջանում հայկական գերեզմանոցները քանդելու օրերին նրա անտարբերությանը, ազգային ինքնորոշման իրավունքի շուրջ նրա «անթույլատրելի դիրքորոշմանը»։
Ըստ որոշ տեղեկությունների, հանձնաժողովի անդամներին չեն գոհացրել նաև Բրայզային հաջորդ օրերին սենատորների կողմից հղված գրավոր հարցերի գրավոր պատասխանները։