Բելառուսում ցուցարարները դատապարտվել են բանտարկության

Բելառուսում ցուցարարները դատապարտվել են բանտարկության

Բելառուսում նախագահական ընտրություններից հետո սկսված ցույցերի ժամանակ ձերբակալված որոշ մասնակիցներ դատապարտվել են մինչև 15 օրվա բանտարկության:

Մինսկում կիրակի օրվա ավարտին անցկացված զանգվածային ցույցերի ընթացքում ոստիկանության կողմից ձերբակալվել է ցույցերի ավելի քան 600 մասնակից:

Ռուսաստանի «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը հայտնել է, որ զանգվածային ցույցերի անցկացման փաստով Բելառուսի իշխանությունները քրեական գործ են հարուցել: Գործակալությունը, մեջբերելով երկրի ներքին գործերի նախարարին, հաղորդում է, թե կան տվյալներ, որոնց համաձայն նախագահական որոշ թեկնածուներ նախատեսել են անցկացնել չարտոնված ցույցեր:

Բելառուսում կիրակի օրը կայացած ընտրությունների ավարտից հետո փողոց է դուրս եկել ավելի քան 30 հազար ցուցարար` բողոքելով ընտրությունների ընթացքում տեղ գտած խախտումների դեմ:

Ըստ պաշտոնական տվյալների, այս ընտրություններում Բելառուսի գործող նախագահ Լուկաշենկոյին կողմ տրվել է ձայների մոտ 80 տոկոսը, որը երկրում անցկացվող նախագահական ընտրություններում նրա արդեն չորրորդն հաղթանակն է: Որևէ այլ թեկնածու չի հավաքել ձայների ավելի քան երեք տոկոսը:

Եվրոպական դիտորդները քննադատության են ենթարկել ընտրությունների գործընթացը: ԵԱՀԿ-ի ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար Գեռտ Արենսը որպես դիտորդների կողմից հայտնաբերված ամենամեծ խնդիր է նշել քվեների հաշվառման գաղտնիությունը: