ԱՄՆ-ը փորձում է շտկել Պակիստանի հետ հարաբերությունները

ԱՄՆ-ի սենատոր Ջոն Քերրին ասում է, թե ԱՄՆ-ը ու Պակիստանը որոնում են ալ-Քաիդայի առաջնորդ Օսամա բին Լադենի սպանությունից հետո երկու երկրների միջեւ լարված հարաբերությունները մեղմելու ուղիներ։

ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Քերրին, Իսլամաբադում հանդիպելով Պակիստանի նախագահին եւ վարչապետին, ասել է, թե իր այցի նպատակը ներողություն խնդրելը չէ, այլ՝ հարաբերությունների վերականգնումը։

Վարչապետ Յուսուֆ Ռազա Գիլանին նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ի կողմից միակողմանի հետագա որեւէ գործողություն կունենա լուրջ հետեւանքներ։ Իսկ ԱՄՆ-ի պաշտոնատար անձանց մտահոգում է այն հարցը, թե ինչպես կարող էր ալ-Քաիդայի առաջնորդը տարիներ շարունակ բնակվել Պակիստանում, առանց հայտնաբերվելու։

Քերրին ասել է, թե ինքը հասկանում է ազգային ինքնիշխանությունը ոտնահարվելու շուրջ Պակիստանի մտահոգությունները՝ միեւնույն ժամանակ պնդելով, որ Իսլամաբադը պիտի ըմբռնի բին Լադենին ոչնչացնելու խնդրում առկա արտակարգ հանգամանքները։

Քերրի կողմից Պակիստան կատարած այցին եկող մի քանի շաբաթների ընթացքում հետեւելու է երկրի արտգործնախարար Հիլարի Քլինթընի այցը։