Հայաստանի նախագահը հանդիպում է ունեցել ԵԺԿ-ի նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ

Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթաժողովից հետո Հայաստանի նախագահը հանդիպում է ունեցել ԵԺԿ-ի նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ, շնորհակալություն է հայտնել ընտրություններից հետո ջերմ շնորհավորական ուղերձի համար
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բելգիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին, որտեղ քննարկվել են Եվրոպայի քաղաքական իրավիճակին, ԵՄ ֆինանսատնտեսական հիմնահարցերի կարգավորմանը, ինչպես նաև Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության հեռանկարներին վերաբերող խնդիրներ:

Հայաստանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, գագաթաժողովում Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է այս տարվա փետրվարի 18-ին կայացած Հայաստանի նախագահի ընտրություններին, հետընտրական զարգացումներին, Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքին, ինչպես նաև Արևելյան գործընկերության շրջանակներում փոխգործակցությանն ու առաջիկա անելիքներին:

«Ելույթում Հայաստանի ղեկավարը վերահաստատել է, որ Հայաստանը վճռական է շարունակելու համապարփակ բարեփոխումների քաղաքական ուղեգիծը, ինչպես նաև եվրոպական ինտեգրումը՝ որպես Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություն: Խոսելով Արևելյան գործընկերության որոշ երկրների կողմից եվրոպական արժեքների և գործընկերության նպատակների ոտնահարման դեպքերից՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ անընդունելի է Ադրբեջանի կողմից այդ արժեքներն ընտրողաբար կիրառելը», - ասված է հաղորդագրության մեջ:

Գագաթաժողովից հետո Հայաստանի նախագահը հանդիպում է ունեցել ԵԺԿ-ի նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ:

Սերժ Սարգսյանը հանդիպման սկզբում շնորհակալություն է հայտնել Հայաստանի նախագահի ընտրությունների ընթացքում անձամբ Վիլֆրիդ Մարտենսի և ԵԺԿ-ի ամբողջ ընտանիքի աջակցության համար, ինչպես նաև ընտրություններից հետո նրա ջերմ շնորհավորական ուղերձի, դրանում Հայաստանի առաջընթացի մասին տեղ գտած դրական գնահատականների համար:

«Կողմերը կարևորել են նաև միջկուսակցական համագործակցության հետագա խորացումը, այդ թվում` միջխորհրդարանական մարմինների շրջանակներում: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել տարածաշրջանային խնդիրներին», - եզրափակում է հաղորդագրությունը: