Մատչելի հղումներ

Հայաստանի սահմանադրական դատարանն ուժի մեջ է թողել Սարգսյանի վերընտրությունը


Րաֆֆի Հովհաննիսյան. «Ապրիլի 9-ին ես ժողովրդի առջև հանդես կգամ իմ պահանջով ու առաջարկով և կխորհրդակցեմ ժողովրդի հետ»

Հայաստանի սահմանադրական դատարանը հինգշաբթի օրը մերժել է փետրվարի 18-ին Հայաստանում անցկացված նախագահական ընտրությունների երկու թեկնածուների կողմից ներկայացված հայցադիմումն այն մասին, որ փետրվարի 18-ի ընտրությունները կեղծված են եղել՝ այսպիսով ուժի մեջ թողնելով Հայաստանի ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանի վերընտրությունը:

Սահմանադրական դատարանի համաձայն, ընտրությունների ընթացքում չեն կատարվել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդեցություն գործել ընտրությունների արդյունքների վրա:

«Որոշում է կայացվել ուժի մեջ թողնել փետրվարի 18-ին անցկացված նախագահական ընտրությունների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փետրվարի 25-ին կայացված որոշումը», - ասել է Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը:

Այս որոշումը ենթակա չէ բողոքարկման:

Արձագանքելով Հայաստանի սահմանադրական դատարանի որոշման՝ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած «Ժառանգություն» կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշությունն ասել է. «Մենք մինչև հաղթանակ կտանենք քաղաքական մեր պայքարը՝ օրենքի ու սահմանադրության շրջանակներում»:

Րաֆֆի Հովհաննիսյանն իր հերթին, արձագանքելով Սահմանադրական դատարանի որոշման, ասել է, որ «ապրիլի 9-ին ես ժողովրդի առջև հանդես կգամ իմ պահանջով ու առաջարկով և կխորհրդակցեմ ժողովրդի հետ»:
XS
SM
MD
LG