Մատչելի հղումներ

«Ժառանգություն» կուսակցությունը բաց նամակ է հղել Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահին


Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրեդ Մարթենս (արխիվային լուսանկար)
Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրեդ Մարթենս (արխիվային լուսանկար)

«Հրաշքի էր նման, որ չնայած քարոզարշավի ընթացքում գործող նախագահի կողմից պետական միջոցների լայնորեն չարաշահմանը, Րաֆֆի Հովհաննիսյանն առկա քվեների մեծամասնություն ստացավ ոչ միայն խոշոր քաղաքներում, այլև երկրի զգալի տարածքներում»

«Ժառանգություն» կուսակցության միջազգային քարտուղար Ստեփան Սաֆարյանը բաց նամակ է հղել Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրեդ Մարթենսին, որտեղ նշել է Հայաստանում փետրվարի 18-ին անցկացված նախագահական ընտրությունների ընթացքում տեղ գտած բազմաթիվ խախտումների և ընտրակեղծիքների մասին, ինչպես նաև կոչ արել վերանայել Հայաստանի գործող նախագահին շնորհավորելու Մարթենսի որոշումը:

«Մինչև ընտրությունները Դուք երկու թեկնածուներին հաջողություն մաղթեցիք և հույս հայտնեցիք, որ կանցկացվեն ազատ, արդար ու ժողովրդավարական ընտրություններ: Չնայած գործող նախագահի բազմաթիվ խոստումներին, դրանք ամենևին ազատ և արդար չէին: Իրականում, ընտրությունների արդյունքները համակարգային կեղծման ենթարկվեցին, քանի որ Հանրապետական կուսակցության թեկնածուն փորձեց գողանալ հաղթանակը քվեատուփերի լցոնման, քվեաթերթիկների գողության և բազմակի քվեարկությունների միջոցով: Հրաշքի էր նման, որ չնայած քարոզարշավի ընթացքում գործող նախագահի կողմից պետական միջոցների լայնորեն չարաշահմանը, Րաֆֆի Հովհաննիսյանն առկա քվեների մեծամասնություն ստացավ ոչ միայն խոշոր քաղաքներում, այլև երկրի զգալի տարածքներում», - ասված է Սաֆարյանի նամակում:

Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի պաշտոնական կայքի փոխանցմամբ, Սաֆարյանի նամակին կից «Ժառանգություն» կուսակցության միջազգային քարտուղարը ներկայացրել է փետրվարի 18-ին տեղի ունեցած ընտրախախտումների մասին վկայություններն ու տեսանյութերը լրացնող մի շարք փաստաթղթեր:

«Այդ ամենը ոչ թե արդյունքների վրա էապես չազդող այստեղ կամ այնտեղ տեղի ունեցած պատահական խախտումների, այլև Հայաստանի քաղաքացու ժողովրդավարական կամքի կանխամտածված, պրոֆեսիոնալ խեղման ապացույցներ են», - նշված է նամակում:

«Հայաստանն առանց ժողովրդավարական և ազատ ընտրությունների, լեգիտիմ նախագահի և միջազգային չափանիշների ու Հայաստանի սահմանադրության պահպանման ապագա չունի: Հայ ժողովուրդը պարզապես չի կարող այլևս ապրել այն ղեկավարի ներքո, որին չի ընտրել: Քաղաքացիների իրավազրկումը նրանց գրեթե զրկել է սեփական պետականության նկատմամբ հավատից: Մենք կոչ ենք անում հենց ԵԺԿ սեփական արժեքների ու չափանիշներին համապատասխան՝ վերանայել գործող նախագահին շնորհավորելու Ձեր որոշումը» - գրում է Սաֆարյանը:

«Եթե ձեր նախագահական որոշումը, որը խեղում է օրինականության, քաղաքացիական ազատության և ժողովրդավարական արդարության եվրոպական ուղենիշերը, դառնա ԵԺԿ ողջ ընտանիքի պաշտոնական հանրակարգային դիրքորոշումը, մենք ստիպված կլինենք վերանայել այդ հեղինակավոր կազմակերպությանը մեր անդամակցությունը, քանի որ այն ցավալիորեն շեղվել է իր հիմնարար սկզբունքներից, արժեքներից և հանձնառությունից, որոնք մենք կիսում էինք ու ընկած էին անդամակցության հիմքում», - եզրափակում է «Ժառանգություն» կուսակցության միջազգային քարտուղար Ստեփան Սաֆարյանի բաց նամակը՝ հասցեագրված Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրեդ Մարթենսին:
XS
SM
MD
LG