«Մրցակցության բացակայությունը արտացոլում է Հայաստանի քաղաքական իրականության տխուր իրավիճակը». Կիրակոսյան

Բլումբերգ. Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններում ակնկալվում է Սերժ Սարգսյանի հաղթանակը
«Հայաստանում գալիք շաբաթ կայանալիք նախագահական ընտրություններում ակնկալվում է գործող նախագահ Սերժ Սարգսյանի հաղթանակը, քանի որ այս ընտրարշավին չի մասնակցել վերջինիս մի քանի մրցակից, իսկ ընտրարշավի ընթացքում թեկնածուներից մեկը դիմել է հացադուլի, մյուսի նկատմամբ մահափորձ է իրականացվել»:

Այս մասին գրում է «Բլումբերգ» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով օրերս «Գելափ» ընկերության կողմից ընտրողների կարծիքի անցկացված հարցումը, որի համաձայն փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների արդյունքներով 59-ամյա Սերժ Սարգսյանի կողմ իրենց ձայները տալու մասին արտահայտվել է հարցման մասնակիցների 69 տոկոսը, Սարգսյանի ամենաուժեղ մրցակից, նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանին՝ 11 տոկոս, Պարույր Հայրիկյանին, որի վրա մահափորձ է կատարվել՝ 5 տոկոս, իսկ արդեն 26 օր հացադուլ անցկացնող թեկնածու Անդրիաս Ղուկասյանին՝ 1 տոկոս:

Երևանից գործող «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Ռիչադր Կիրակոսյանի համաձայն, ընտրությունների ընթացքում մրցակցության բացակայությունը «արտացոլում է այսօրվա քաղաքական իրականության տխուր իրավիճակը»:

«Ընդդիմությունը բավականին թույլ է մնում, քանի որ վերջինիս առաջնորդները չեն թաքցնում իրենց միջև առկա տարաձայնությունները, ժողովրդից իրենց սկզբն առնող կուսակցությունների, ինչպես նաև քաղաքական գոյություն ունեցող կուսակցություններում ժողովրդավարական պրակտիայի բացակայության պատճառով», - ասում է Կիրակոսյանը:

Հոդվածում նշվում է, որ Սարգսյանի դիրքերն այս ընտրարշավի ընթացքում ամրապնդվել են նաև այն պատճառով, որ հնարավոր երեք թեկնածու որոշել էին իրենց թեկնածությունը չդնել այս ընտրություններին:

««Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որը համարվում էր Սերժ Սարգսյանի հիմնական մրցակիցը, դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին էր հայտարարել ընտրություններին չմասնակցելու մասին՝ առանց պատճառները նշելու: Հայաստանի առաջին նախագահ, 68-ամյա Լևոն Տեր-Պետրոսյանը նշել էր, թե իր տարիքն արդեն շատ մեծ է՝ ընտրապայքար անցկացնելու համար, իսկ Հայաստանի խորհրդարանում երրորդ ամենամեծ կուսակցությունը՝ Հայ հեղափոխական դաշնակցությունը, հայտնել էր, թե իր կողմից թեկնածու ներկայացնելը միայն կավելացնի այս ընտրությունների լեգիտիմությանը», - նշված է հոդվածում:

Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով, ընտրության շարքերում իրական մրցակցի բացակայությունը, ըստ էության, այն հանգամանքն է, որը կկանխի հետընտրական շրջանում բռնությունների հնարավորությունը:

«Կոնֆլիկտը չի վերացվել, սակայն այն կհետաձգվի մինչև Սարգսյանի նախագահական երկրորդ ժամկետի ավարտի ընթացքում կայանալիք քաղաքական անցումը: Գալիք շաբաթ հետընտրական կոնֆլիկտի կամ խռովությունների հնարավորությունը ցածր է», - «Բլումբերգ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Ռիչարդ Կիրակոսյանը: