Մատչելի հղումներ

Պարույր Հայրիկյանը չի նախատեսում հետաձգել նախագահական ընտրությունները


Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձի փաստով հետաքննությունը

«Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը չի նախատեսում դիմել Սահմանադրական դատարան՝ նախագահական գալիք ընտրությունները հետաձգելու պահանջով»:

Այս մասին երեքշաբթի օրը հայտնել է Հայրիկյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ անցյալ հինգշաբթի ուշ երեկոյան Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա անհայտ ոճրագործի կողմից կրակոց էր արձակվել, որի հետևանքով նախագահի թեկնածուն վնասվածքներ էր ստացել կրծքի շրջանում:

Պարույր Հայրիկյանի ուղղությամբ կրակոցներ էին արձակվել Երևանում վերջինիս տան մոտակայքում՝ կեսգիշերի կողմերը: Կրակոցները լսել էր հարևաններից մեկը, որը և կանչել էլ օգնության, որից հետո ժամանել էին ոստիկանության ծառայողները:

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձի փաստով հետաքննությունը:

Հայաստանի սահմանադրության համաձայն, «նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության Նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով»:

Հայաստանի Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի համաձայն, նման հետաձգման կիրառումը պետք է պահանջվեր թեկնածուի կողմից, իսկ հետաձգման շուրջ վերջնական որոշումը պետք է կայացվեր երկրի Սահմանադրական դատարանի կողմից:
XS
SM
MD
LG