«Amnesty International» իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է աշխարհում մարդու իրավունքների իրավիճակին վերաբերող հոբելյանական՝ 50-րդ տարեկան զեկույցը, որում ընդգրկված են 2011 թվականի հունվարից մինչև դեկտեմբեր ընկած ժամանակահատվածի տեղեկությունները։
Զեկույցում նշվում է, որ աշխարհում առաջնորդության թուլացումը նպաստել է ժողովրդավարության ջատագով ցուցարարների խիզախության քայքայման ամբողջ աշխարհում, մասնավորապես՝ Սիրիայում:
«Amnesty International»-ի գնահատականի համաձայն, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը գործել է անարդյունավետ, ոչ ժամանակին և ունակ չի եղել կատարելու իր մանդատը, իսկ Ռուսաստանի և Չինաստանի անհաշտ դիրքորոշումը վտանգի տակ է դրել Անվտանգության խորհրդի արժանահավատությունը:
«Անվտանգության խորհրդի «որոշ» անդամների կողմից Սիրիան ամեն գնով պաշտպանելու վճռականության պատճառով Սիրիայի ժողովուրդը մատնվել է, իսկ Սիրիայում կատարված հանցագործությունների համար պատասխանատուները խուսափում են պատժից», - ասված է զեկույցում:
Կազմակերպության համաձայն, աշխարհի հզոր պետություններն ավելի շատ են մտահոգված ոչ թե մարդու իրավունքների պաշտպանությամբ, այլ իրենց ֆինանսական շահերը պաշտպանելով և «իրար հրմշտելով ՝Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում ազդեցություն ձեռք բերելու համար»:
Զեկույցում աշխարհում մարդու իրավունքների վիճակը մանրամասնվում է ըստ երկրների, որոնցից յուրաքանչյուրի համար ներկայացված են մարդու իրավունքների խախտումների առանձին կարգեր։
Հայաստանին վերաբերող մասի նախաբանում նշվում է, որ 2011 թվականի ընթացքում երկրի մայրաքաղաքի կենտրոնական հրապարակներից մեկում հանրահավաքներ անցկացնելու արգելքը հանվել է, ընդունվել է փոփոխված «Հավաքների մասին» օրենքը:
«Այնուամենայնիվ, մտահոգություններ են մնում ազատ հավաքների իրավունքի պրակտիկ իրականացման առումով: Մտահոգություն է առաջացնում նաև ոստիկանության բաժանմունքներում խոշտանգումների և վատ վերաբերմունքի իրականացումը», - նշված է զեկույցի Հայաստանին վերաբերող մասում:
Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում տիրող իրավիճակը նկարագրելիս առանձնացվել է հինգ կարգ՝ «Հավաքների ազատություն», «Խոշտանգումներ և վատ վերաբերմունքի այլ ձևեր» և «Խղճի բանտարկյալներ» կարգերը։
«Հավաքների ազատություն» կարգում նշվել է, որ այս ոլորտում երկրում 2011 թվականի ընթացքում գրանցվել է որոշ առաջընթաց: Այսպես, հանվել է Երևանի Ազատության հրապարակում հավաքների անցկացման արգելքը, որը 2008 թվականին տեղի ունեցած բախումներից հետո փակ էր՝ վերանորոգման աշխատանքներ անցկացնելու պատճառով: Զեկույցում նշվել է սակայն, որ այս ոլորտում կան մտահոգություններ: Այսպես, Մարդու իրավունքների գծով Եվրոպական խորհրդի հանձնակատարը մայիս ամսին նշել է, որ Հայաստանում «խաղաղ հավաքների իրավունքների իրականացման համար ստեղծվում են անօրինական և անհամաչափ խոչընդոտներ, տրանսպորտային միջոցների աշխատանքի խախտում, ինչպես նաև որոշ վայրերում հավաքների արգելման դեպքեր»:
«Խոշտանգումներ և վատ վերաբերմունքի այլ ձևեր» կարգում նշվել է, որ նման երևույթները շարունակում են մտահոգիչ մնալ, և մեջ է բերվում 2011 թվականին Կամայական կալանավորումների հարցերով զբաղվող ՄԱԿ-ի աշխատանքային խմբի այցի եզրակացությունը, որի համաձայն կալանավորվածներից և բանտարկյալներից շատերի նկատմամբ ոստիկանության բաժանմունքներում շարունակվում է վատ վերաբերմունքի ու ծեծի կիրառումը: 2011 թվականին Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի հաղորդագրության համաձայն, այն ստացել է ոստիկանության կողմից հարցաքննության ընթացքում վատ վերաբերմունքի և որոշ աստիճանի խոշտանգումների իրականացման մասին վստահելի տեղեկություններ:
Զեկույցում նշվել է նաև, որ Խոշտանգումների դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի կամընտիր արձանագրության գծով Հայաստանի պարտականությունների շրջանակում ձեռնարկվել են քայլեր Խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմ ստեղծելու գործում, որի գործառույթն է՝ կալանավորման վայրերում մոնիթորինգի իրականացումը: Այս նպատակով Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում ստեղծվել է Խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհուրդ, որը պետք է իրականացնի Խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներ, իսկ Խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմի կազմն ու ուղենիշները քննարկվել են հասարակական կազմակերպությունների հետ, որի արդյունքում հաստատվել է փորձագետների կազմը:
«Խղճի բանտարկյալներ» կարգում զեկույցը անդրադառնում է Հայաստանում զինվորական ծառայություն անցնելուց հրաժարվելու համար բանտարկված 60 անձանց և նշում, որ այլընտրանքային ծառայությունը շարունակում է գտնվել զինված ուժերի վերահսկողության տակ։