«Աֆղանստանի և ՆԱՏՕ-ի ուժերը ոչնչացրել են Պակիստանի սահմանի մոտակայքում գտնվող ռազմակայանի ուղղությամբ հարձակում գործած թալիբների առնվազն 50 զինյալ»:
Այս հայտարարությամբ հանդես է եկել Աֆղանստանի Պակտիկա նահանգի նահանգապետի խոսնակը՝ նշելով, որ դաշնակիցների ուժերի պատասխան գործողություններն ուղղված են եղել երեքշաբթի ուշ երեկոյան ռազմակայանի վրա հարձակում իրականացրած զինյալների մեծ խմբի դեմ:
ՆԱՏՕ-ն հաստատել է զինյալների կողմից հարձակման իրականացման, ինչպես նաև զինյալների հարձակումը հետ մղելու ընթացքում ռազմական ավիացիայի օգնությանը դիմելու հանգամանքը, սակայն չի նշել, թե քանի զինյալ է ոչնչացրել այս գործողությունների ընթացքում:
Ավելի վաղ, Ավստրալիայի պաշտպանության նախարարությունը հաղորդել է Աֆղանստանի զինծառայողի կողմից Աֆղանստանի հարավում գտնվող ռազմակայաններից մեկում Ավստրալիայի երեք զինծառայողների ուղղությամբ կրակ բացելու և նրանց լուրջ վնասվածքներ հասցնելու մասին:
Ավստրալիայի պաշտպանության նախարարության համաձայն, Աֆղանստանի Ուրուզգան նահանգում ինքնաձիգով զինված Աֆղանստանի զինված ուժերի ծառայողի կողմից իրականացված հարձակման պատճառով վնասվածքներ են ստացել նաև Աֆղանստանի երկու զինծառայող:
Հարձակումն իրականացրած զինծառայողը դիմել է փախուստի: