Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը, երկրի խորհրդարանի նոր կազմին ուղղված իր խոսքում, քննադատության է ենթարկել արևմտյան պետությունները՝ Աֆղանստանի ներքին քաղաքականությանը միջամտելու համար։
Քարզայը չորեքշաբթի օրը հայտնել է երկրի օրենսդիրներին, որ «Աֆղանստանի քաղաքականությանը կատարվող արտաքին միջամտությունը լուրջ խնդիր է դարձել»։
ՄԱԿ-ի, ԱՄՆ-ի և Աֆղանստանի օրենսդիրների կողմից իր վրա գործադրված ճնշումից հետո Աֆղանստանի նախագահն անցկացրել է երկրի 249 անդամ ունեցող խորհրդարանի՝ «Վոլեսի ջիրգա»-ի երդման արարողությամբ մեկնարկած անդրանիկ նստաշրջանը։
Քարզայը խնդրել է մինչև նստաշրջանը մեկնարկելը օրենսդիրներին սպասել ևս մեկ ամիս, քանի որ Աֆղանստանում սեպտեմբեր ամսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ընթացքում խարդախությունների հետաքննությունն իրականացնող տրիբունալին պահանջվում է լրացուցիչ ժամանակ՝ իր աշխատանքն ավարտելու համար։
Իր խոսքում Քարզայը նույնպես կոչ է արել օրենսդիրներին կողքի դնել իրենց միջև առկա տարբերությունները և համատեղ աշխատել երկրում քաղաքական կայունություն և բարգավաճում հաստատելու ուղղությամբ։