Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է Եվրոպային «վերազինելու» և Ուկրաինային՝ Ռուսաստանի հետ ռազմական առճակատման ժամանակ աջակցելու նոր ծրագրի մասին:
Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան այս մասին խոսել է երեքշաբթի Բրյուսելում:
Ծրագրի համաձայն՝ Եվրամիությունը պատրաստվում է զգալիորեն ավելացնել պաշտպանական ծախսերը՝ ԵՄ անդամ-երկրների անվտանգությունն ապահովելու համար: Առաջադրված բոլոր խնդիրները լուծելու նապատակով նախատեսվում է հատկացնել 800 միլիարդ եվրո, այդ թվում՝ 150 միլիարդի չափով վարկեր պաշտպանական կարիքների համար:
Ենթադրվում է, որ հավաքված միջոցները կծախսվեն հատուկ ստեղծված հիմնադրամի շրջանակներում, այդ թվում՝ Ուկրաինայի համար զենք գնելու, ինչպես նաև հակաօդային պաշտպանության համակարգերի, հրթիռների, անօդաչուների ու մյուս սպառազինության արտադրության վրա:

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ Բրյուսել, մարտի 3, 2025թ․։
Եվրահանձնաժողովի ծրագիրը պետք է քննարկվի մարտի 6-ին կայանալիք ԵՄ արտակարգ գագաթնաժողովում:
Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հայտարարությունը հնչել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու Վաշինգտոնի որոշման վերաբերյալ լուրերի ֆոնին:
Ինչպես երեկ «Ամերիկայի ձայնի» թղթակցին ասել է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան, Դոնալդ Թրամփը հստակ նշել է, որ «կենտրոնացած է խաղաղության վրա»:
«Մեզ պետք է, որ մեր գործընկերները նույնպես հավատարիմ լինեն այս նպատակին: Մենք դադարեցնում և վերանայում ենք մեր օգնությունը՝ համոզվելու համար, որ այն նպաստում է [ուկրաինական հակամարտության] լուծմանը»,- փոխանցել է պաշտոնյան:
Զուգահեռաբար՝ Դոնալդ Թրամփը դեռ այն մտքին է, որ ուկրաինական հազվագյուտ հանածոների գործարքը կնքելու հնարավորությունը սպառված չէ:
Այդուհանդերձ, նույնիսկ համատեղ ջանքերով եվրոպական երկրների համար չափազանց դժվար կլինի փոխարինել Ուկրաինայի համար նախատեսված ամերիկյան զենքի մատակարարումները՝ կարծում է Meduza պարբերականի ռազմական փորձագետ Դմիտրի Կուզնեցը:
Ընդ որում, խոսքը թե՛ մատակարարումների ծավալի, թե՛ զինատեսակների մասին է:
«Ուկրաինայի զինված ուժերին դժվար ժամանակներ են սպասվում՝ հակաօդային պաշտպանության համակարգերի, առաջին հերթին՝ Patriot համակարգերի առումով, որոնք ունակ են խոցել բալիստիկ հրթիռներ»,- ավելացրել է նա։
Հայտնի է, որ թեև Patriot համակարգերը սպասարկում են եվրոպական մի շարք երկրներ, բայց արտադրողը բացառապես ԱՄՆ-ն է;
Սակայն խնդիրը միայն Patriot-ները չեն: Հարկ է հիշատակել նաև ամերիկյան հարվածային HIMARS, ATACMS համալիրները:
Your browser doesn’t support HTML5
Եվրոպան մտադիր է աջակցել Ուկրաինային
«[Ամերիկյան սպառազինության մատակարարման դադարեցումը] բացասաբար կանդրադառնա նաև ռադիոէլեկտրոնային պայքարի ու տեխնիկական հետախուզության գծով տվյալների ստացման վրա: Դժվարություններ կլինեն խոշոր տրամաչափի արկերի, զրահատեխնիկայի հետ կապված, որոնք (բացառությամբ տանկերի) նույնպես հիմնականում մատակարարվել են ԱՄՆ-ից: Առանձին խնդիր է [արբանյակային կապի միջոցով համացանց ապահովող] Starlink-ը»,- ասում է Կուզնեցը:
Միևնույն ժամանակ, ըստ փորձագետի, Ուկրաինային ցուցաբերվող եվրոպական ռազմական օգնության վրա Հունգարիայի և Սլովակիայի հնարավոր վետոն անզոր կլինի, քանի այս ուղղությամբ որոշումները կայացվելու են նաև Մեծ Բրիտանիայի կողմից ու, ըստ ամենայնի, Եվրամինության ֆորմալ իրավասությունից դուրս։
Ի հավելումն, Ուկրաինան աստիճանաբար ավելի է ապավինում սեփական անօդաչուներին, որոնցով փորձում է փոխարինել հրետանուն, և այդ ոլորտում Կիևը զգալիորեն ինքնաբավ է:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Լոնդոն, մարտի 2, 2025թ․։
Ընդհանուր առմամբ, Ուկրաինայի զինված ուժերը, հավանաբար, կկարողանան որոշ ժամանակ պահել ներկայիս առաջնագիծը, բայց թե ինչ կլինի հետո, անհայտ է` նշում է Դմիտրի Կուզնեցը:
Վկայակոչելով ԱՄՆ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին՝ The Wall Street Journal-ը գրել է, թե առանց ամերիկյան ռազմական օգնության Ուկրաինան ևս մի քանի ամիս ունակ է ռազմական գործողություններ վարել՝ ներկայիս տեմպերով։
Պրահայում գործող միջազգային քաղաքականության գծով փոխձագետ Իվան Պրեոբրաժենսկու խոսքով՝ Եվրոպայից սպառազինություն ստանալու հարցում Կիևն առանձնակի խնդիրներ չի ունենա, բայց օգտագործելով այդ զենքը սկզբունքորեն անհնար կլինի շրջել ռազմաճակատում ստեղծված իրավիճակը:
«Ինչ վերաբերում է հաջորդ տարվան, ապա Եվրոպան բավականաչափ ֆինանսական ռեսուրսներ ունի։ Տարբեր գնահատականներ կան, թե որքան գումար կպահանջվի դրա համար: Բրյուսելի մասնագիտացված ինստիտուտներից մեկի տվյալներով՝ մոտ 250 միլիարդ եվրոյի կպահանջվի ԵՄ երկրները վերազինելու համար»,- ասել է մեր զրուցակիցը:
Ըստ որոշ գնահատականների՝ ԵՄ երկրների միացյալ տնտեսությունը 12 անգամ գերազանցում է Ռուսաստանի տնտեսությանը:
Այդուհանդերձ, Պրեոբրաժենսկին զգուշացնում է եթե ԵՄ-ն շարունակի գործել նույն արագությամբ, ինչ նախորդ երեք տարիներին, ապա նա չի կարողանա դառնալ Ուկրաինայի անվտանգության երկարաժամկետ երաշխավոր: