Մատչելի հղումներ

 
Արդյո՞ք Կրեմլի նպատակն է հակասություններ սերմանել ԱՄՆ ու Եվրոպայի միջև

Արդյո՞ք Կրեմլի նպատակն է հակասություններ սերմանել ԱՄՆ ու Եվրոպայի միջև


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Փետրվարի 24, 2025թ․։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Փետրվարի 24, 2025թ․։

Կիրակի՝ մարտի 2-ին, Լոնդոնում հավաքվել էին եվրոպական երկրների ղեկավարները՝ օրակարգում ունենալով ուկրաինական հակամարտության վերաբերյալ ընդհանուր դիրքորոշում որդեգրելու նպատակը։

Միջոցառմանը ներկա էին նաև Եվրամիության, Կանադայի ու ՆԱՏՕ-ի ղեկավարները։

Ըստ մամուլի հրապարակումների՝ Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան Ուկրաինայի հետ միասին մշակում են այլընտրանքային խաղաղության համաձայնագրի ծրագիր, որն այնուհետև կներկայացվի ԱՄՆ-ին։

Համաձայնագրի կետերից մեկը նախատեսում է հակամարտ կողմերի միջև մեկամսյա հրադադար և էներգետիկ ենթակառուցվածքների վրա փոխադարձ հարձակումների դադարեցում՝ ինչպես Le Figaro-ի հետ զրույցում նշել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը՝ հավելելով, թե այդ հրադադարը, սակայն, դեռ չի վերաբերում անմիջականորեն շփման գծում կրակի դադարեցմանը։ Երկրորդ փուլը նախատեսում է խաղաղապահներ ուղարկել Ուկրաինա, բայց միայն խաղաղության հաստատումից հետո։

Արդյո՞ք Կրեմլի նպատակն է հակասություններ սերմանել ԱՄՆ ու Եվրոպայի միջև
please wait

No media source currently available

0:00 0:04:25 0:00

Ավելի վաղ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը պարզաբանել էր, որ այս ծրագիրը ԱՄՆ հետ քննարկումներից հետո կարող է կյանքի կոչվել համատեղ ջանքերով։

«Եվրոպայի անվտանգության համար կարևոր է, որ մայրցամաքը սերտորեն համագործակցի Միացյալ Նահանգների հետ»,- ընդգծել է նա։

Եվրոպական, Կանադայի, Եվրամիության ու ՆԱՏՕ-ի ղեկավարների հանդիպումը Լոնդոնում։ Մարտի 2, 2025թ․։
Եվրոպական, Կանադայի, Եվրամիության ու ՆԱՏՕ-ի ղեկավարների հանդիպումը Լոնդոնում։ Մարտի 2, 2025թ․։

Իր հերթին՝ կիրակի ABC հեռուստաալիքի հետ զրույցում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ դեռ որևէ կապ չի հաստատվել՝ նրա ու նախագահ Թրամփի միջև ուրաբթ օրը Սպիտակ տանը կայացած աղմկահարույց հաննդիպումից հետո։

Ամերիկյան դիվանագիտության ղեկավարն ասել է, թե Միացյալ Նահանգները պատրաստ կլինի նորից ներգրավվել բանակցային գործընթացում, երբ նրանք՝ [ուկրաինացիները] պատրաստ լինեն խաղաղության, որը նախագահ Դոնալդ Թրամփի նպատակն է։

«Նա՝ [Թրամփը] փորձում է Ռուսաստանին նստեցնել բանակցությունների սեղանի մոտ՝ տեսնելու, թե արդյոք կա այս հակամարտությունը վերջ տալու ճանապարհ: Դա նրա նպատակն է... Հուսանք, որ մենք կհասնենք այդ կետին»,- ասել է Ռուբիոն։

Վաշինգտոնյան թեժ հանդիպումից հետո հայտարարությամբ է հանդես եկել նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, թե հավատարիմ է մնում Կիևի և Վաշինգտոնի միջև օգտակար հանածոների արդյունահանման վերաբերյալ համաձայնագրի ստորագրմանը և ցանկանում է շարունակել երկխոսությունը Միացյալ Նահանգների հետ։

Ուկրաինայի քաղաքացիներին ուղղված իր ավանդական տեսաուղերձում Զելենսկին ասել է. «Իհարկե, գիտակցում ենք Ամերիկայի կարևորությունը։ Եվ մենք երախտապարտ ենք այն աջակցության համար, որ ստացել ենք Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ Չկար օր, որ այդ աջակցությունը չզգայինք»։

Երկուշաբթի պատասխանելով «Ամերիկայի ձայնի» հարցին՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը Լոնդոնում կայացած եվրոպական գագաթնաժողովը մեկնաբանեց այսպես. «Ողջունում ենք, որ եվրոպացիներն առաջատար դեր են ստանձնում եվրոպական անվտանգության ապահովման գործում: Նկատի ունեմ, որ սա էր հիմքը: Նրանք պետք է ներդրոմներ կատարեն այդ ուղղությամբ: Նրանք, անշուշտ, կամք դրսևորեցին, և Սթարմերն ու Մակրոնը դրսևորեցին այդ կամքը»:

Դիտորդները ուշադրություն են հրավիրում, թե այս ամենի ֆոնին՝ ռուսաստանցի գործիչների քննադատության թիրախը ամերիկյան կողմից տեղափոխվել է դեպի Եցվրոպա և, իհարկե, պահպանվում է ուկրաինական ուղղությունը։

Մասնավորապես, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Թրամփի ու Զելենսկու վեճը, հայտարարել է, որ Ուկրաինայի առաջնորդը «դիվանագիտական ունակություններ» չունի և ցանկանում է շարունակել պատերազմը։

Միևնույն ժամանակ, Պեսկովը նշել է, որ ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ փոփոխությունները հիմնականում համընկնում են Մոսկվայի տեսլականի հետ։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Красная Звезда պարբերականին տված հարցազրույցում ուղղակիորեն մեղադրել է Եվրոպային պատերազմը շարունակելու և Կիևին Ռուսաստանի դեմ «հրահրելու» մեջ։

Новой газета պարբերականի սյունակագիր Անդրեյ Կոլեսնիկովը համարում է, որ այն ինչ տեղի ունբեցավ Վաշինգտոնում՝ Ուկրաինայի նախագահի հետ, ինչ-որ առումով պետք է դաս լինի ռուսական կողմի համար. «Իհարկե, Թրամփը միջուկային տերության առաջնորդի հետ այդպես չի վարվի: Բայց հազիվ թե Պուտինին իրեն մոտ համարի։ Ավելի շուտ՝ Ռուսաստանի նախագահը նրա համար բիզնես գործընկեր է, որը, սակայն, նախ պետք է կատարի առաջիկա մեծ գործարքի որոշ պայմաններ»։

Իր հերթին՝ քաղաքագետ Դմիտրի Օրեշկինը «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ուշադրություն հրավիրեց՝ այժմ Ռուսաստանն աստիճանաբար իր քննադատության թիրախն ուղղում է դեպ ՝Եվրոպա, նախևառաջ՝ Մեծ Բրիտանիա ու Ֆրանսիա և փորձում է օգուտ քաղել ստեղծված իրավիճակից՝ հույս ունենալով, որ Եվրոպայի ու Ամերիկայի միջև հակասությունները կխորանան։

XS
SM
MD
LG