Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կիրակի հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է ԱՄՆ հետ ստորագրել ուկրաինական հազվագյուտ հանքավայրերի մասին համաձայնագիրը, ինչն, իր կարծիքով, կարող է շտկել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ:
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում կայացած եվրոպացի առաջնորդների հավաքից հետո հանդիպելով լրագրողներին՝ Զելենսկին կարծիք է հայտնել, թե ԱՄՆ-ն նույնպես պատրաստ է ստորագրել համաձայնագիրը, բայց հնարավոր է «որոշ բաներ վերլուծելու համար ժամանակ պահանջվի»:
Ինչպես ասացինք, Եվրոպայի առաջնորդները կիրակի Լոնդոնում էին՝ քննարկելու Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմը:
Լոնդոնյան հավաքի առանցքային կետերից էր այն, որ եվրոպական երկրների ղեկավարները վստահեցրին Զելենսկուն, թե կշարունակեն աջակցել Կիևին, և Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում Ուկրաինայի նախագահին ղուցաբերված ջերմ ընդունելությունը հաջորդեց Սպիտակ տանը նախագահ Դոնալդ Թրամփի հետ Զելենսկու լարված հանդիպմանը: Ուկրաինայի նախագահը մեկնել էր Վաշինգտոն՝ ԱՄՆ հետ տորագրելու ուկրաինական հազվագյուտ հանքանյութերի մասին համաձայնագիրը։
«Կա՛մ գործարք եք կնքում, կա՛մ մենք դուրս ենք գալիս: Եթե մենք դուրս ենք գալիս, դուք կսկսեք պայքարել: Չեմ կարծում, որ լավ կլինի, բայց դուք կպայքարեք միայնակ: Ձեր ձեռքին չկան խաղաքարտեր: Բայց երբ մենք ստորագրենք այդ գործարքը, դուք շատ ավելի լավ վիճակում կլինեք: Բայց դուք ամենևին էլ շնորհակալ չեք, և դա լավ բան չէ»,- Զելենսկուն ասել էր Թրամփը։
ԱՄՆ պետքարտուղարը կիրակի կրկնեց նախագահ Թրամփի խոսքերը, թե շարունակելով պատերազմը՝ Զելենսկին ստեղծում է Երրորդ աշխարհամարտի բռնկման վտանգ, և որ ուկրաինական պատերազմին վերջ տալը հնարավոր է բանակցությունների միջոցով, ոչ թե մարտի դաշտում:
«Զրո տոկոս հավանականություն կա, որ պատերազմը կավարտվի, եթե մենք նրանց չնստեցնենք բանակցությունների սեղանի շուրջ: Եվ որքան շուտ բոլորը հասկանան, որ սա վատ պատերազմ է՝ իր բոլոր վտանգներով, որոնք կարող են վերածվել ավելի լայն հակամարտության, այնքան ավելի մեծ առաջընթաց կունենանք»,- ABC-ի եթերում ասել է Մարկո Ռուբիոն:
Այս ամենի ֆոնին՝ Ուկրաինայում ռազմական գործողությունները շարունակվում են, և բազմաթիվ են այն ուկրաինացի զինծառաողները, որոնք բազմիցս վիրավորված լնելով՝ միևնույն է, վերադառնում են մարտի դաշտ։
Ըստ նախագահ Զելենսկու՝ անցած երեք տարիներին ուկրաինական կողմի վիրավորների թիվը հազել է մոտ 380 հազարի:
Վերադառնանք Միացյալ Նահանգներ, ուր Կոնգրեսի դեմոկրատները սուր քննադատության են ենթարկում Թրամփի վարչակազմին, թե նման քայլերը տանում են դաշնակցի կորստին։
Դեմոկրատ սենատոր Էմի Կլոբուչարը ABC-ի եթերում հայտարարել է. «Ուկրաինացի զինվորները մեկ ձեռքով ու մեկ ոտքով փորձում են կանգնած մնալ, երբ հնչում է Ուկրաինայի օրհներգը: Այդ խիզախ ուկրաինացիներին կոտրելու ժամանակը չէ»:
ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան, լորդ Փիթեր Մանդելսոնն ասել է. «Պետք է խաղաղության հնարավորություն տանք։ Պետք է ստեղծենք այնպիսի հանգամանքներ, որոնց պայմաններում բավականաչափ ճնշում է գործադրվում Պուտինի, Ռուսաստանի նկատմամբ՝ նրանց ստիպելու նստել բանակցային սեղանի շուրջ: Բայց եթե գործերը վատ գնան, պետք է այնտեղ լինենք՝ Ուկրաինայի կողմից»: