Պաղեստինյան ծագմամբ 6-ամյա ամերիկացի տղայի սպանության դատավարությունը ցնցել է Իլինոյս նահանգնի մահմեդական համայնքը:
73-ամյա Ջոզեֆ Չուբան մեղավոր է ճանաչվել առաջադրված բոլոր մեղադրանքներով, այդ թվում՝ սպանություն և ատելության հողի վրա հանցագործություն, վեցամյա երեխային՝ Ուեյդի Ալֆայումիին մահացու դանակահարելու և նրա մորը՝ Հանան Շահինին վիրավորելու համար։
Զոհվածի հայրը՝ Օդայ Ալֆայումին դատավճռից հետո լրագրողներին ասել է. «Չգիտեմ՝ պետք է գո՞հ լինեմ, թե՞ տխրեմ, լա՞ց լինեմ, թե՞ ծիծաղեմ: Կորցրել եմ երեխայիս: Զգում եմ, որ այս որոշումը մի փոքր ուշացել է»:
Մահմեդական քաղաքացիական կոալիցիայի անդամ Ամինա Բարհումին նշել է. «Ոչ մի դատավճիռ նրանց որդուն հետ չի բերի»:
Your browser doesn’t support HTML5
Իլինոյսում պաղեստինյան ծագմամբ 6-ամյա ամերիկացի տղայի դաժան սպանության գործով դատավճիռ է կայացվել
Կոլաիցիան էր, որ նկատելի դերակատարություն ունեցավ, որպեսզի ԱՄՆ Սենատն անցած տարվա սեպտեմբերին ընդունի «Ուեյդի բանաձևը», ըստ որի՝ «Միացյալ Նահանգները զրո հանդուրժողականություն ունի ատելության հողի վրա իրականացված հանցագործությունների, իսլամաֆոբիայի, հակասեմականության, հակապաղեստինյան և հակաարաբական խտրականության նկատմամբ»:
Մահմեդական քաղաքացիական կոալիցիայում համարում են, որ տեղի ունցած սպանությունը էթնիկ-կրոնական հողի վրա էր։ Երեխային կյանքից զրկել էին 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի դեմ «Համասի» արյունալի հարձակումից մեկ շաբաթ անց:
Ամերիկա-իսլամական հարաբերությունների խորհրդի անդամ Ահմեդ Ռեհաբն ասել է. «Ջոզեֆ Չուբան, երբ դանակահարում էր նրանց՝ բղավել է, թե մահմեդականները պետք է մահանան»:
Ռեհաբը դատարանի շենքի առջև գլխավորում էր տեղի մահմեդականների ուրբաթօրյա աղոթքը՝ նամազը:
«Սա ատելության հողի վրա ամենասարսափելի հանցագործություններից մեկն է, որի թիրախում վեցամյա անմեղ տղան էր ու նրա մայրը: Ինչպես գիտեք, տղան դանակի 26 հարված է ստացել։ Պատկերացնո՞ւմ եք տեսարանի դաժանությունը։ Ծնողների համար շատ դժվար էր վերապրել այդ սարսափը։ Մեր սրտերը նրանց հետ են»,- ասել է նա:
Իլինոյս նահանգում է ԱՄՆ ամենամեծ մահմեդական համայնքներից մեկը: Զգայի թվով պաղեստինցիներ՝ Միացյալ Նահանգների ամենամեծ համայնքն ապրում է Չիկագոյի Բրիջվյու թաղամասում, որը նաև հայտնի է որպես «Փոքրիկ Պաղեստին»:
Ահմեդ Ռեհաբն ասում է, թե հարձակումն ուղղակի ցնցել է տեղի մահմեդական համայնքը. «Ուեյդիի փոխարեն կարող էր լինել մեր տղաներից որևէ մեկը»:
Ռեհաբի խոսքով՝ ծրագրում են Ուեյդիի անվան հուշարձան կառուցել նրա հայրենի քաղաքի՝ Չիկագոյի արվարձան Փլեյնֆիլդի մանկական այգում: