Ակնկալվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս երեքշաբթի ուղերձով հանդես կգա Միացյալ Նահանգների Կոնգրեսի զույգ պալատների առջև՝ առաջին անգամ իր երկրորդ նախագահության շրջանում, և ուկրաինական թեման, ենթադրաբար, առանցքային տեղ է զբաղեցնելու Սպիտակ տան ղեկավարի ելույթում:
«Ես խաղաղություն եմ փնտրում: Մենք չենք ձգտում 10 տարվա պատերազմի մեջ մտնել և խաղեր խաղալ: Խաղաղություն ենք ուզում»,- օրեր առաջ ասել է Դոնալդ Թրամփը։
Սպասվում է, որ ԱՄՆ առաջնորդը հանդես կգա նաև Իսրայելի ու «Համասի» միջև հրադադարի ու Գազայի ապագայի վերաբերյալ իր մոտեցումներով:
Այս փետրվարի 4-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Թրամփն առաջարկել էր Գազայի հատվածը վերածել «Մերձավոր Արևելքի Ռիվիերայի»։
«Միացյալ Նահանգները կարող է այնտեղ զարգացնել և ստեղծել հազարավոր աշխատատեղեր, ինչը հիանալի կլինի»,- ասել էր Թրամփը:
Your browser doesn’t support HTML5
Կոնգրեսին ուղղված Թրամփի ուղերձում հատուկ տեղ է հատկացվելու Ուկրաինայի ու Գազայի հարցերին
Դիտորդները սպասում են, որ Թրամփը կխոսի նաև այլ երկրների նկատմամբ սահմանված կամ ծրագրված ԱՄՆ նոր մաքսատուքերի մասին։
Օսթինում գործող Տեխասի համալսարանի ներկայացուցիչ Շենոն Բոու Օ’Բրայենն ասում է. «Կողմ եմ նրա մոտեցմանը։ Նա կարծում է, որ եթե մաքսատուրքեր սահմանի, դա կհանգեցնի գների բարձրացմանը, և արտադրողները ստիպված լինեն վերադառնալ ԱՄՆ՝ այդ մաքսատուրքերից խուսափելու համար»:
Չի բացառվում, որ Թրամփը անդրադառնա իր գլխավորած վարչակազմին ուղղված քննադատությանը՝ կառավարության ծախսերի ու դաշնային աշխատակիցների կրճատման վերաբերյալ:
«Կարծում եմ, որ նա կխոսի այդ մասին՝ որպես խնայողություններ կատարելուն ուղղված քայլ, [և] կասի, թե որքան կարևոր բան է դա»,- շարունակում է Օ'Բրայենը:
Դեմոկրատների կողմից սենատոր Էլիսա Սլոտկինն է ընտրվել՝ հակադարձելու Թրամփի ուղերձին:
Օ'Բրայենը վստահ է՝ ուղերձն ու ԱՄՆ նախագահին ուղղված քննադատությունը լայն հետաքրքրություն կառաջացնեն ամերիկյան հասարակությունում: