Հնարավո՞ր են փոխզիջումներն ուկրաինական հակամարտությունում

Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահներ՝ Վոլոդիմիր Զելենսկին ու Վլադիմիր Պուտինը։

Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահներ՝ Վոլոդիմիր Զելենսկին ու Վլադիմիր Պուտինը։

Փորձագետներն անդրադարձել են հարցին, թե որքանով են պատրաստ ուկրաինական պատերազմի կողմերը վերջ տալ արյունահեղությանը՝ գնալով փոխզիջումների։

Ուկրաինայում պատերազմի ավարտի շուրջ ապագա բանակցությունները պետք է կենտրոնանան փոխզիջումների վրա, որոնց հակամարտության երկու կողմերն էլ պատրաստ են դիմել՝ խաղաղության հասնելու համար:

Breitbart News-ի հետ զրույցում այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ անդրադառնալով խաղաղ կարգավորման հասնելու Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերին։

«Նախագահ Թրամփը ցանկանում է վերջ տալ այս պատերազմին։ Նա հասկանում է, որ շատ մարդիկ են մահացել, և նա ցանկանում է վերջ տալ դրան»,- ասել է Ռուբիոն։

Սպիտակ տան ղեկավարը երկուշաբթի լրագրողներին փոխանցել էր, որ կարծում է, թե Ուկրաինայում պատերազմը կարող է ավարտվել «շաբաթների ընթացքում»:

Պետքարտուղարն ընդգծել է, որ Դոնալդ Թրամփը «խաղաղության նախագահ» է. «Ունենք նախագահ, որը ձգտում է վերջ տալ պատերազմներին, ոչ թե սկսել նորերը։ Նա ձգտում է վերջ տալ մարդկային տառապանքներին, ոչ թե վատթարացնել կամ երկարացնել այն»:

Ռուբիոն հայտարարել է, թե նախագահ Թրամփի նպատակը պատերազմող կողմերին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելն է։

Your browser doesn’t support HTML5

Հնարավո՞ր են փոխզիջումներն ուկրաինական հակամարտությունում

Այդուհանդերձ, ԱՄՆ պետքարտուղարը մանրամասնել է, թե պայմանները, որոնց կհամաձայնի Մոսկվան, չեն քննարկվել Էր-Ռիադում կայացած հանդիպմանը. «Պետք է նույն հարցը տանք Ուկրաինային, քանի որ անհնար է դադարեցնել պատերազմը, քանի դեռ երկու կողմերն էլ չեն համաձայնել դրան։ Անկախ նրանից, թե որքան կտևի այն՝ մի քանի օր, մի քանի շաբաթ կամ որևէ ժամանակ, մենք կսկսենք այս գործընթացը»:

Զուգահեռաբար, ինչպես հայտնի է, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կողմ է ռուսատանյան հազվագյուտ հանածոների արդյունահանման վերաբերյալ Մոսկվայի հետ համաձայնագիր կնքելուն։ Հիշեցնենք՝ նման առաջարկով հանդես էր եկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ նաև դրական գնահատելով երկու երկրների ռազմական բյուջեները 50%-ով կրճատելու Թրամփի առաջարկը։

Բանակցությունների ընթացքում ուկրաինական կողմից արված փոխզիջումները սկզբունքորեն պետք է համապատասխանեն ողջախոհությանը և միջազգային իրավունքի տրամաբանությանը՝ կարծում է Վաշինգտոնում գործող քաղաքագետ Եվգենի Ռոշչինը։

Ըստ նրա՝ թեև Ուկրաինան չի ճանաչում իր տարածքների կորուստը, բայց կհամաձայնի զերծ մնալ հարցը ռազմական ճանապարհով կարգավորելուց և կհետաձգի խնդրի դիվանագիտական հանգուցալուծումը։

«Սա, հավանաբար, առավելագույնն է, որին Կիևը պատրաստ է գնալ տարածքային հարցում։ Կարող են լինել նաև որոշ խորհրդանշական զիջումներ ռուսաց լեզվի պահպանման, ռուսալեզու բնակչության մշակութային առանձնահատկություններին ընդառաջ գնալու հարցում։ Բայց դեռ վաղ է դատողություններ անել»,- ասել է «Ամերիկայի ձայնի» զրուցակիցը։

Ռոշչինը շարունակել է, թե, անշուշտ, որոշակի զիջումների պատրաստ է նաև Պուտինը. «Պուտինը պետք է նրան՝ [Թրամփին] ինչ-որ բան տա։ Բայց խնդիրն այն է, որ Պուտինի կարծիքով՝ ինքը բանակցային ուժեղ դիրքեր ունի. Ռուսաստանը շարունակում է հարձակումները Ուկրաինայում: Ուստի, նա պատրաստ է այս պատերազմը շարունակել մոտավորապես նույն ինտենսիվությամբ։ Նա, հավանաբար, ենթադրում է, որ կարող է նոր հաջողությունների հասնել։ Հետևաբար, համոզված չեմ, որ նրա զիջումները չափազանց լուրջ կլինեն»։

ԱՄՆ, Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահներ՝ Դոնալդ Թրամփը, Վոլոդիմիր Զելենսկին ու Վլադիմիր Պուտինը։

Ինչ վերաբերում է Պուտինի առաջարկները ուղիղ ԱՄՆ-ին, ապա, ըստ քաղաքագետի, ազդանշան են, որ Կրեմլը պատրաստակամ է պայմանավորվել Վաշինգտոնի հետ. «[Մոսկվայից ցանկանում են ասել]՝ եկեք բանակցենք, մենք հարգում ենք ձեզ։ Բայց, կարծում եմ, իմաստ չունի լրջորեն քննարկել, օրինակ, ռազմական բյուջեները 50%-ով կրճատելու տարբերակը՝ այն պատճառով, որ բյուջեներն իրենց չափերով համեմատելի չեն, և Պենտագոնի ծախսերի կիսով չափ կրճատելը, [կնշանակի] Ամերիկայի դերի վերացում աշխարհում: Ավելին, ինչպես նշել է Թրամփը, նման քննարկումները հնարավոր են միայն Չինաստանի մասնակցությամբ, քանի որ [ԱՄՆ առջև ծառացած] հիմնական սպառնալիքը գալիս է Պեկինից»։

Հիշեցնենք՝ անցած տարվա հոկտեմբերի 1-ից սկսած 2025 ֆինանսական տարվա համար Պենտագոնի բյուջեն կազմում է 895 միլիարդ դոլար։

Բրեմենի համալսարանի Արևելյան Եվրոպայի հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, ռազմական փորձագետ Նիկոլայ Միտրոխինի գնահատմամբ՝ Թրամփի նպատակն է ամբողջությամբ վերափոխել ԱՄՆ հարաբերությունները ավանդական հակառակորդների՝ Չինաստանի ու Ռուսաստանի հետ, և Ուկրաինայի շուրջ սպասվող համաձայնագիրը ավելի լայն պայմանավորվածության մասն է լինելու, որը ներառելու ընդգրկուն տնտեսական համագործակցություն Վաշինգտոնի և Մոսկվայի միջև:

«Օրինակ՝ [Թրամփի] հայտարարությունը Արկտիկայի պաշարների համատեղ յուրացման մասին։ Իսկ օրերս Պուտինն ասաց, որ պատրաստ է թույլ տալ ԱՄՆ-ին ներգրավվել Կրասնոյարսկի մարզում իրականացվող ալյումինի վերամշակման գործում։ Նախկինում՝ նույնիսկ ավելի լավ հարաբերությունների ժամանակ, օտարերկրացիներին չէին թողնում նման զգայուն վայրեր։ Մի խոսքով, սա նշանակում է լայնածավալ տնտեսական համագործակցություն՝ առաջին հերթին բնական ռեսուրսների արդյունահանման և վերամշակման ոլորտում»,- «Ամերիկայի ձայնին» փոխանցել է Միտրոխինը։

Ռուսաստանի բնական պաշարների նախարարության տվյալներով՝ Ռուսաստանում հազվագյուտ մետաղների պաշարները կազմում են 658 միլիոն տոննա, որից 28,5 միլիոնը 15 տեսակի հազվագյուտ մետաղներ են։

Պաշտպանական ծախսերը 50%-ով կրճատելու Թրամփի նախաձեռնությունը պետք է դիտարկել այս համատեքստում՝ շարունակել է Նիկոլայ Միտրոխինը. «Ուկրաինայի հարցը այս շարքում երրորդն է: Ռուսաստանի ռազմական բյուջեն հեշտ է կրճատել, քանի որ այն ուռճացված է, քանի որ [ռուսական] կառավարությունը պետք է պահի մեկ միլիոնից ավելի հասնող բանակ»։

Ինչ վերաբերում է առաջիկա բանակցությունների ընթացքում հնարավոր փոխզիջումներին, ապա կողմերը, հավանաբար, կարող են համաձայնել սառեցնել իրավիճակը ռազմաճակատի ներկայիս երկայնքով՝ կարծում է փորձագետը։

«Միաժամանակ, հնարավոր է Ուկրաինայի զինուժի կողմից օկուպացված [Ռուսաստանի] Կուրսկի մարզի տարածքը փոխանակել [Ուկրաինայի] Խարկովի մարզի մի մասի հետ. այնտեղ կան մի քանի փոքր անկլավներ, որոնք գրավվել են Ռուսաստանի կողմից։ Ըստ ամենայնի, կորոշվի նաև Զապորոժիեի ԱԷԿ-ի ճակատագիրը։ Հնարավոր է, որ այն տրվի Ուկրաինային՝ Դնեպրից Ղրիմ ջրի մատակարարման երաշխիքների դիմաց, ինչը կպահանջի Կախովկա հիդրոէլեկտրակայանի ամբարտակի վերականգնում։ Բայց Ռուսաստանը հաստատ չի զիջի Ղրիմ տանող ցամաքային միջանցքը։ Միևնույն ժամանակ, դատելով Պուտինի հայտարարություններից՝ Ռուսաստանն այլևս դեմ չէ ուկրաինական տարածքում եվրոպական խաղաղապահ զորքերի տեղակայմանը»,- շարունակել է Միտրոխինը։

Ամփոփելով՝ Reuters-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, համաձայնվելով երկրի հանքային պաշարների օգտագործման շուրջ ԱՄՆ հետ երկկողմ համաձայնագրին, այս ուրբաթ կժամանի Վաշինգտոն՝ հանդիպելու Դոնալդ Թրամփին։