Չինաստանը ուշադիր է Թրամփի ուկրաինական ռազմավարության նկատմամբ՝ ամրապնդելով կապերը Ռուսաստանի հետ

ԱՄՆ և Չինաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Սի Ծինփինը։ Պեկին, նոյեմբերի 9, 2017թ․։

Դիտորդների ներկայացմամբ՝ Չինաստանն անհանգստացած է ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների հնարավոր վերականգնմամբ, քանի որ այն կարող է նվազեցնել Մոսկվայի կախվածությունը Պեկինից։

Չինաստանը ուշադրությամբ հետևում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուկրաինական ռազմավարությանը: Դիտորդների խոսքով՝ այժմ էլ Պեկինը քայլեր է կատարում՝ իրեն դիրքավորելու որպես Ուկրաինայի ռազմավարական գործընկեր, միաժամանակ պահպանելով «անսահման» գործընկերությունը Ռուսաստանի հետ:

Հիշեցնենք՝ անցած շաբաթ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում տեղի ունեցավ ԱՄՆ-ի և Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը։ Այս շաբաթ Վաշինգտոնում սպասում են Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերին, իսկ երկուշաբթի Սպիտակ տանն էր Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը։

Մակրոնի և Թրամփի բանակցությունները տևել են գրեթե երկու ժամ։ Երկու պետությունների ղեկավարները նաև մասնակցել են Ուկրաինային նվիրված տեսակոնֆերանսին՝ Մեծ յոթնյակի մյուս առաջնորդների հետ։

Երկուշաբթի Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որը նրան տեղեկացրել է Էր-Ռիադի հանդիպման արդյունքերի մասին և վերահաստատել Ռուսաստանի ու Չինաստանի միջև առկա «համապարփակ գործընկերության» և «ռազմավարական փոխգործակցության» կարևորությունը Կրեմլի համար։ Չինական կողմի հայտարարության մեջ ասված է, որ «Չինաստանը ողջունում է Ռուսաստանի և այլ կողմերի դրական ջանքերը՝ ուղղված ճգնաժամի կարգավորմանը»:

Your browser doesn’t support HTML5

Չինաստանը ուշադիր է Թրամփի ուկրաինական ռազմավարության նկատմամբ


«Ճգնաժամ», բայց ոչ պատերազմ

Երեք տարի շարունակ Չինաստանի իշխանությունները պնդում էին, թե «Պեկինը «կառուցողական դեր է խաղում» «[ուկրաինական] ճգնաժամի քաղաքական կարգավորման» հարցում»՝ խուսափելով «Ուկրաինայում պատերազմ» բառերից։

Այսօր Չինաստանը բարձր է գնահատում ԱՄՆ-ի և Ռուսաստանի վերջին բանակցությունները, որոնց, ինչպես հայտնի է, Ուկրաինան չի մասնակցել։

«[Չինաստանը և Ուկրաինան] ռազմավարական գործընկերություն հաստատեցին 2011 թվականին... ։ Նախորդ տարիներին Չինաստանը եղել է Ուկրաինայի ամենամեծ առևտրային գործընկերը։ Ինչ վերաբերում է ուկրաինական ճգնաժամին..., Չինաստանը միշտ հանդես է եկել խաղաղության օգտին և նպաստել բանակցություններին»,- փետրվարի 15-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում իր ուկրաինացի գործընկեր Անդրեյ Սիբիհային ասել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին:

Այդուհանդերձ, այդ հանդիպմանը հաջորդած չինական կողմի պաշտոնական հաղորդագրությունում նշված չեն Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության մասին։

Փետրվարի 20-ին՝ ԱՄՆ-Ռուսաստան բանակցություններից երկու օր անց, Վան Ին հանդիպեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ՝ Մեծ քսանյակի շրջանակում՝ Յոհանեսբուրգում, Հարավային Աֆրիկայում, որի ժամանակ Լավրովը նրան ներկայացրեց Էր-Ռիադում կայացած հանդիպման արդյունքները։ Վան Ին վերահաստատել է՝ Պեկինի համար կարևոր է Ռուսաստանի հետ Չինաստանի «համապարփակ ռազմավարական գործընկերությունը»։

Ին հավելել է, թե «Չինաստանը «աջակցում է» խաղաղության հասնելուն ուղղված բոլոր ջանքերը, ներառյալ՝ «վերջին կոնսենսուսը, որը ձեռք է բերվել ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև» Էր-Ռիադում»:

ԱՄՆ ու Չինաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Սի Ծինփինը։ Պեկին, նոյեմբերի 9, 2017թ․։


Քննարկում, ոչ թե բանակցություններ

Իր հերթին՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ընդգծել է, որ Էր-Ռիադում կայացած հանդիպումը, որը նախորդ մի քանի տարիների ընթացքում առաջինն էր Վաշինգտոնի և Մոսկվայի միջև, բանակցություններ չէին, որոնք ուղղված են Ուկրաինայի վերաբերյալ որևէ համաձայնագրի կնքմանը: Ամերիկյան դիվանագիտության ղեկավարի հայտարարությունը հնչել է Կիևի և եվրոպական երկրների մտավախությունների ֆոնին, թե նրանք կարող են դուրս մղվել խաղաղ գործընթացից։

«Հանդիպման նպատակն էր պարզել, թե որքանով է Ռուսաստանը լրջորեն վերաբերվում պատերազմի ավարտին»,- ասել է Ռուբիոն:

Ավելի քան չորս ժամ տևած հանդիպումը Ռուբիոն նկարագրել է որպես ԱՄՆ ու Ռուսաստանի միջև երկկողմ հարցերի շուրջ «հաղորդակցության ուղիներ» ստեղծելու, այդ թվում՝ դիվանագիտական առաքելությունների աշխատանքը նորմալացնելու փորձ:

Այդուհանդերձ՝ դիտորդները վստահ են, որ Պեկինն ակնհայտորեն մտահոգված է Վաշինգտոնի ու Մոսկվայի միջև հարաբերությունների հնարավոր վերականգնմամբ։

«Թեև ամբողջական մերձեցումը քիչ հավանական է, բայց Չինաստանը նյարդայնացած է, [որովհետև] եթե Թրամփը չեղարկի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, Մոսկվայի կախվածությունը Պեկինից կնվազի»,- «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է Չինաստանի հարցերով Սպիտակ տան նախկին խորհրդական Դենիս Ուայլդերը:

Դիտորդների մի մասն էլ զգուշացնում է, թե առաջիկայում Պեկինը մեծացնելու է ջանքերը գլոբալ տեղեկատվական արշավի շրջանակում՝ Վաշինգտոնին ներկայացնելով որպես անհուսալի դաշնակից:

«[Շտապելով բանակցել Ռուսաստանի հետ]՝ մենք անմիջապես հրաժարվեցինք մեր ունեցած լծակներից և սխալ ուղերձ հղեցինք, թե ով է ագրեսորը», - ասում է Վաշինգտոնում գործող Ժողովրդավարությունների պաշտպանության հիմնադրամի փորձագետ Մարկ Մոնտգոմերին:


Փորձագետները թերահավատ են

Չինաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը հրաժարվել է արձագանքել՝ արդյո՞ք Պեկինը դիտարկում է Ուկրաինա խաղաղապահ ուժեր ուղարկելու հարցը պատերազմի ավարտից հետո:

Նախատեսվում է, որ այս տարվա ընթացքում Մոսկվա ու Պեկին են այցելելու Սի Ծզինփինն ու Վլադիմիր Պուտինը։ Այս հունվարին նրանք առցանց հանդիպում անցկացրեցին, իսկ փետրվարի 24-ին Ռուսաստանի նախագահը զանգահարեց Չինաստանի իր գործընկերոջը։

Ամերիկացի դիտորդները կասկածում են, որ Չինաստանն, իսկապես, պատրաստ է քայլեր ձեռնարկել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին վերջ տալու համար։ Փոխարենը, Պեկինը կարող է այդ հնարավորությունը օգտագործել որպես գործիք Թրամփի հետ բանակցություններում:

«Կարծում եմ՝ չինական կողմը ուկրաինական հարցը կդիտարկի որպես Թրամփին օգնություն առաջարկելու հնարավորություն։ Նրանք կաջակցեն այն ամենին, ինչը համապատասխանում է իրենց շահերին, օրինակ՝ օգնություն Ուկրաինայի վերականգնմանը։ Բայց, իհարկե, դա ոչ մի կապ չունի այն բանի հետ, թե Պեկինը կդրդի Ռուսաստանին գնալ խաղաղության։ Չինական ենթակառուցվածքային ընկերությունները ուղղակի կձգտեն խոշոր պայմանագրեր ստանալ [Ուկրաինայից]»,- ասում է Ջորջթաունի համալսարանի Ասիական ուսումնասիրությունների ծրագրի տնօրեն Էվան Մեդեյրոսը: