Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ խոսել միայն Թրամփի և եվրոպացի առաջնորդների հետ խաղաղության ծրագիրը համաձայնեցնելուց հետո

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկի

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացել է Քիթ Քելլոգի և Անդրեյ Էրմակի հանդիպումը։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ուրբաթ օրը ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում, ասել է, որ Ռուսաստանի միակ ներկայացուցիչը, ում հետ ինքը պատրաստ է խոսել, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է։ Միաժամանակ նա ընդգծել է, որ դա կանի միայն այն բանից հետո, երբ Ուկրաինան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և եվրոպացի առաջնորդների հետ համաձայնեցնի հակամարտության կարգավորման ընդհանուր պլանը։

«Ես կհանդիպեմ միայն մեկ ռուսի հետ՝ Պուտինի, և միայն այն բանից հետո, երբ ընդհանուր պլան ունենանք՝ Թրամփի, Եվրոպայի հետ։ Իսկ մենք Պուտինի հետ կնստենք բանակցությունների սեղանի շուրջ ու կդադարեցնենք պատերազմը։ Միայն այս դեպքում ես պատրաստ եմ հանդիպմանը»,- ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահն ասել է, որ առանց ՆԱՏՕ-ի անդամ լինելու՝ Ուկրաինան ստիպված կլինի կրկնապատկել իր զինված ուժերի չափը՝ հասցնելով այն մեկուկես միլիոնի։

Դիմելով համաժողովի մասնակիցներին՝ Զելենսկին ասել է, որ վերջերս կայացած հեռախոսազրույցի ժամանակ նախագահ Թրամփը տվել է իր անձնական հեռախոսահամարը և թույլատրել նրան զանգահարել ցանկացած պահի։

«... Նա ասաց՝ կարող ես ինձ զանգահարել, երբ ուզես։ Ես նրան ասացի. «Այո, շատ շնորհակալ եմ, բայց անցյալ անգամ դուք ինձ ասացիք, որ կարող եմ ուղիղ զանգահարել ցանկացած պահի, բայց չտվեցիք Ձեր հեռախոսահամարը»: Նա ասաց՝ լավ, լավ, ցանկացած ժամանակ կարող եք զանգահարել ինձ»։

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով նախագահ Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգի և Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի հանդիպումը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային տրամադրվող օգնությունը, նախատեսվող երկկողմ հանդիպումները։

«Պուտինը երբեք չի խաղում կանոններով... Ռուսաստանի հետ ոչ մի համաձայնագիր չի աշխատի առանց ուժեղ պարտադրանքի»,- գրել է Երմակը «X» հարթակում հանդիպումից հետո: