ԱՄՆ փոստային ծառայությունը կարճ ժամանակով կասեցրել է Չինաստանից եկող փաթեթների ընդունումը

ԱՄՆ փոստային ծառայությունը երեքշաբթի հայտարարել է, որ դադարեցնում է Չինաստանից և Հոնկոնգից եկող փաթեթների ընդունումը, այնուհետև՝ չորեքշաբթի չեղարկել է այդ որոշումը։

Հեռուստատեսային գովազդները, օրինակ՝ առցանց առևտրի հսկայի՝ Temu-ի գովազդը նոր չէ, որ գայթակղում են միլիոնավոր ամերիկացիներին՝ էժան գնումներով և նրանց կապելով չինացի արտադրողների հետ, որոնք հաճախ չեն վճարում առաքման համար:

Մարդիկ դիմում են նման առևտրի, քանի որ 800 դոլարից ցածր արժեցող ապրանքներով փաթեթները կարող են ներմուծվել Ամերիկա առանց մաքսատուրքի:

Սակայն Չինաստանի նկատմամբ նոր մաքսատուրքերի սահման ֆոնին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ փակվել է նաև այդ պատուհանը:

Միացյալ Նահանգների փոստային ծառայությունը երեքշաբթի հայտարարեց, որ այլևս չի ընդունի Չինաստանից և Հոնկոնգից եկող փաթեթներ, բայց հաջորդ օրը չեղարկեց որոշումը՝ բացատրելով, որ ժամանակ է հարկավոր երկրի Մաքսային և սահմանապահ ծառայության հետ աշխատելու համար, որպեսզի պարզ լինի, թե ինչպես գանձել նոր մաքսատուրքերը և նվազագույնի հասցնել փաթեթների առաքման հետաձգումները:

Your browser doesn’t support HTML5

Որոշակի խուճապ է սկսվել չինացի արտահանողների և ամերիկացի սպառողների շրջանում

Հնարավոր է, որ ամիսներ անցնեն, մինչև բոլոր փոստային բաժանմունքները և մաքսային տեսուչները կարողանան մեկ համակարգ ներդնել՝ ժամանող բոլոր փաթեթները ստուգելու և գինը որոշելու համար՝ ասել է Ուիլսոն կենտրոնի ռազմավարական մրցակցության փորձագետ Մարկ Քենեդիի:

«Նման բան նրանք նախկինում չեն արել: Հեշտ գործ չէ: Նրանց համար մեծ մարտահրավեր է հարմարվել այս փոփոխությանը»,- ասել է Քենեդին:

Արտերկրից ամեն տարի ԱՄՆ են ուղարկում միլիարդավոր փաթեթներ, այդ թվում՝ ներկանյութեր՝ ֆենտանիլ պատրաստելու համար, կեղծ թանկարժեք ժամացույցներ և վնասակար կոսմետիկա՝ նշել է Չիկագոյի Մաքսային և սահմանապահ ծառայության դաշտային գրասենյակի ղեկավար ԼաՖոնդա Սաթոն-Բուրկը:

«Այնպես որ, պարզապես կառաջարկեի, որ բոլորն ունենան ողջախոհ մոտեցում այս բեռնափոխադրումների հարցում, որոնցից դուք, հնարավոր է, օգտվում եք և որոնք կարող են վնասակար լինել ու վտանգավոր»,- ասել է նա:

Օրինակ, Ամերիկայում խնդրահարույց են դիտում բամբակյա հագուստի ներկրումը, որը գալիս է Չինաստանից՝ նշել է Քենեդին:

«Շատերն անհանգստացած են, որ որոշ ապրանքներ ստեղծված են ստրկական աշխատուժի միջոցով։ Նրանք փորձում էին վերահսկել [Չինաստանի] Սինցզյան նահանգի ույղուրներին․․․ և այդ ապրանքները գալիս են այս եղանակով։ [Բացի այդ, ամերիկյան] տեքստիլ արդյունաբերությունը բողոքում է, որ [գնելով չինականը] փակում եք [ամերիկյան] աշխատատեղերը»,- ասել է նա:

ԱՄՆ գործողությունները դեմ են միջազգային էլեկտրոնային առևտրի ընդլայնմանը՝ արձահանքել է Չինաստանի առևտրի նախարարության խոսնակ Հե Յոնգչյանը՝ հինգշաբթի չինական պետական լրատվամիջոցների հետ զրուցում:

«Հուսով ենք, որ Միացյալ Նահանգները կարող է համահունչ լինել համաշխարհային առևտրի զարգացման գլոբալ միտումին, օպտիմալացնել կանոնակարգերը և ստեղծել արդար ու կանխատեսելի քաղաքականության միջավայր՝ անդրսահմանային էլեկտրոնային առևտրի համար, որը տեղական սպառողներին կապահովի գնումների ավելի հարմար, ավելի որակյալ և ծախսարդյունավետ տարբերակներ»,- ասել է նա:

Չինաստանը պատասխանել է Թրամփի որոշումներին՝ նոր մաքսատուրքեր սահմանելով ամերիկյան ածխի, հեղուկ բնական գազի, հում նավթի, մեծ շարժիչով մեքենաների և գյուղատնտեսական տեխնիկայի նկատմամբ։