ԱՄՆ առողջպահության նախարարի Թրամփի թեկնածուն Սենատում լսումների ժամանակ պաշտպանեց իր նախկին հայտարարությունները

Ռոբերտ Ֆրենսիս Քենեդի-կրտսեր

Ռոբերտ Ֆրենսիս Քենեդի-կրտսեր

ԱՄՆ առողջպահության նախարարի պաշտոնում նախագահ Դոնալդ Թրամփի թեկնածուն՝ Ռոբերտ Ֆրենսիս Քենեդի-կրտսերը, չորեքշաբթի պատասխանում էր սենատորների կոշտ հարցերին՝ պատվաստումների, COVID-19-ի և երկրի առողջապահական համակարգի վերաբերյալ:

ԱՄՆ առողջպահության նախարարի պաշտոնում նախագահ Դոնալդ Թրամփի թեկնածուն՝ Ռոբերտ Ֆրենսիս Քենեդի-կրտսերը, չորեքշաբթի սենատորներին հայտարարել է, թե Միացյալ Նահանգները բախվում է առողջապահական լուրջ մարտահրավերների, որոնց լուծումը պահանջում է ճկուն մոտեցում:

«Հաճախ եմ խախտել ստատուս քվոն՝ անհարմար հարցեր տալով: Դե, ես չեմ պատրաստվում ներողություն խնդրել դրա համար։ Մենք այս երկրում ունենք առողջապահական հսկայական խնդիրներ, որոնք պետք է ազնվորեն հաղթահարենք»,- ասել է նա:

Բնապահպանական հարցերով նախկին փաստաբանը աջակցություն ստացավ Սենատի հանրապետականներից, որը պետք է որ Քենեդի-կրտսերի համար ճանապարհ հարթի ղեկավարելու առողջապահական և սոցիալական հարցերով զբաղվող և 1,7 տրիլիոն դոլար բյուջե ունեցող պետական գերատեսչությունը:

«Դուք ներկայացնում եք ամերիկացիներին ոգեշնչող կոալիցիան, որը խորապես հավատարիմ է մեր ազգի առողջության և բարեկեցության բարելավմանը»,- ասել է Սենատի ֆինանսական հարցերով հանձնաժողովի նախագահ Մայք Կրապոն:

Սակայն Քենեդի-կրտսերը կոշտ հարցերի արժանացավ պատվաստանյութերի, վերարտադրողական իրավունքի և ՁԻԱՀ-ի մասին իր նախկին հայտարարությունների պատճառով:

«Պարոն Քենեդին ընդունել է դավադրապաշտական տեսություններ, հատկապես երբ խոսքը վերաբերում է պատվաստանյութերի անվտանգությանն ու արդյունավետությանը: Նա իր կյանքի գործն է դարձրել կասկած սերմանել ու ծնողներին հուսահատեցնել՝ [դրդելով նրանց հրաժարվել] իրենց երեխաներին փրկող պատվաստանյութերից»,- հայտարարել է սենատոր Ռոն Ուայդենը:

Քենեդի-կրտսերն արձագանքել է, թե մի փոդքասթի ժամանակ արված իր հայտարարությունը համատեքստից դուրս են ներկայացվել:

«Ես ասացի, որ չկան անվտանգ և արդյունավետ պատվաստանյութեր: Եվ ես պատրաստվում էի շարունակել, թե յուրաքանչյուր մարդու համար․․․, յուրաքանչյուր դեղամիջոց կարող է զգայուն լինել որևէ մարդու համար, ներառյալ՝ պատվաստանյութերը: Նա այդ պահին ընդհատեց ինձ։ Ես [այդ միտքը] բազմիցս ուղղել եմ, այդ թվում՝ համապետական հեռուստատեսությամբ»,- ասել է Քենեդի-կրտսերը:

Քենեդին իր աջակցությունն է խոստացել է մանկական պատվաստանյութերին, եթե դրանք հաստատված են:

Սենատորները մտահոգված էին նաև առողջապահական այլ խնդիրների վերաբերյալ նրա հայտարարությունների պատճառով, ներառյալ՝ COVID-19-ի մասին:

«Դուք ասե՞լ եք, որ COVID-19-ը գենետիկորեն մշակված կենսազենք էր, որը թիրախավորում է սևամորթ և սպիտակամորթ մարդկանց, բայց խնայում է աշքենազի հրեաներին և չինացիներին»,- հարցրել է սենատոր Մայքլ Բենեթը:

«Չեմ ասել, որ դա միտումնավոր թիրախավորում է: Պարզապես մեջբերել եմ Առողջապահության ազգային ինստիտուտի կողմից ֆինանսավորված և հրապարակված ուսումնասիրությունը»,- արձագանքել է Քենեդի-կրտսերը:

Նշենք, որ 2020 թվականի զեկույցի հիման վրա արված նրա եզրակացությունները հերքվել են գիտնականների կողմից:

Քենեդիին նաև հարցրել են, թե ինչ է մտածում առողջապահական այն ծրագրերի մասին, ներառյալ՝ ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված PEPFAR-ի մասին, որոնց նկատմամբ բացասական ազդեցություն է ունեցել նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը՝ սառեցնել արտաքին օգնությունը։

«Կցանկանայի իմանալ՝ արդյո՞ք կողմ եք PEPFAR-ի նպատակներին: Դուք կաշխատեի՞ք ինձ և իմ գործընկերների հետ, որպեսզի այդ ծրագիրը շարունակի կյանք փրկող հակավիրուսային դեղամիջոցներ տրամադրել մարդկանց, ովքեր կարիքի մեջ են»,- հարցրել է սենատոր Քորնին:

«Բացարձակապես աջակցում եմ PEPFAR-ին, և ուրախությամբ կաշխատեմ ձեզ հետ՝ ծրագիրը հզորացնելու համար»,- պատասխանել է Քենեդի-կրտսերը:

Սենատի Ֆինանսական հարցերով հանձնաժողովը մոտ ժամանակներս պետք է քվեարկի Քենեդի-կրտսերի թեկնածության շուրջ։