Նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը Սպիտակ տնից դիմել է ամերիկացիներին և պատասխանել լրագրողների հարցերին՝ Վաշինգտոնում ավիավթարի հետ կապված, որը, ենթադրաբար, ավելի քան 60 մարդու կյանք է խլել:
«Ես դիմում եմ Ձեզ մեր երկրի համար ողբերգակամ պահին»,- ասել է նախագահը։
Հիշեցնենք, որ American Airlines ավիաընկերության մարդատար ինքնաթիռը բախվել է ԱՄՆ բանակի Black Hawk ուղղաթիռին և ընկել Պոտոմակ գետը Վաշինգտոնի մերձակայքում գտնվող Ռոնալդ Ռեյգանի ազգային օդանավակայանի մոտ։
Թրամփը ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին. օդանավում եղել են ոչ միայն ամերիկացիներ, այլ նաև այլ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի քաղաքացիներ։ Նա խոստացել է անել ամեն ինչ աղետի հանգամանքները պարզելու համար։ Հետաքննությունը կանցկացնեն Դաշնային ավիացիոն վարչությունը (FAA), տրանսպորտային անվտանգության ազգային խորհուրդը և Պենտագոնը։
Նախագահն ասել է, որ ԱՄՆ պաշտոնյաները կարծիքներ ունեն բախման պատճառների վերաբերյալ:
«Մենք չգիտենք, թե ինչն է հանգեցրել այս աղետին, բայց մենք ունենք մի քանի շատ հստակ կարծիքներ և գաղափարներ այս առումով», - ասել է Թրամփը։
Սպիտակ տան ղեկավարն ընդգծել է օդային երթևեկության վերահսկիչների ն աշխատանքի վերցնելու ստանդարտների անհրաժեշտությունը և դատապարտել իր նախորդի՝ նախագահ Ջո Բայդենի քաղաքականությունն այս ոլորտում՝ մեղադրելով FAA-ի ընդգրկման ծրագրերին ոչ բավարար որակավորում ունեցող աշխատակիցներ վարձելու մեջ: Թրամփն ասաց, որ մեծացրել է անվտանգության պահանջները բոլոր ավիաընկերությունների համար՝ որպես իր գործադիր հրամաններից մեկի մաս՝ ընդգծելով, որ ինքը վերացրել է բազմազանությունը, հավասարությունը և ներառականությունը (DEI) խթանելու ծրագրերը:
Թրամփը հայտարարեց, որ ավիացիայի նախկին բարձրաստիճան պաշտոնյա Քրիս Ռոշելաուին նշանակել է FAA-ի ադմինիստրատորի ժամանակավոր պաշտոնակատար։
Ռոշելաուն ԱՄՆ ռազմաօդային ուժերի վետերան է, ով ավելի քան 20 տարի ծառայել է FAA-ում: Նա նախկինում եղել է Գործարար ավիացիայի ազգային ասոցիացիայի գլխավոր գործառնական տնօրենը: Լիամ Մաքքեննան, ով ծառայել է որպես Սենատի առևտրի հանձնաժողովի իրավախորհրդատու, նշանակվել է FAA-ի գլխավոր խորհրդական, հայտնում են աղբյուրները:
Պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հինգշաբթի ավելի վաղ ասել էր, որ ռազմական ուղղաթիռը, որը բախվել է մարդատար ինքնաթիռին, վարել է «բավականին փորձառու անձնակազմը», որը կրել է գիշերային տեսողության սարքեր:
Պենտագոնը կարգադրել է 48 ժամով դադարեցնել այն ստորաբաժանման թռիչքները, որին պատկանել է կործանված ուղղաթիռը։
Տեսաուղերձում Հեգսեթն ասաց, որ ուղղաթիռը, որը գտնվում է Վիրջինիայի Ֆորտ Բելվուարում տեղակայված 12-րդ ավիացիոն գումարտակում, երեք հոգուց բաղկացած անձնակազմով, գտնվում էր տարեկան ուսումնական թռիչքի մեջ:
«Մենք ակնկալում ենք, որ հետաքննությունը արագ կպարզի, թե արդյոք ինքնաթիռը եղել է ճիշտ միջանցքում և բարձրության վրա միջադեպի պահին», - ասել է Հեգսեթը:
Նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ հայտարարել էր, որ ինքը լիովին տեղեկացված է միջադեպի մասին:
«Ինքնաթիռը իդեալական և նորմալ մոտեցման գծում էր դեպի օդանավակայան։ Ուղղաթիռը երկար ժամանակ ուղղվում էր ուղիղ դեպի ինքնաթիռ։ Գիշերը պարզ էր, ինքնաթիռի լույսերը վառված,- գրել է նախագահը իր Truth Social հարթակում։ - Ինչո՞ւ ուղղաթիռը չբարձրացավ, չընկավ կամ չշրջվեց: Ինչու՞ հսկիչ աշտարակը ուղղաթիռին չի ասել, թե ինչ պետք է անի, այլ փոխարենը հարցրել է, թե արդյո՞ք տեսել է ինքնաթիռը։ Սա վատ իրավիճակ է, որը կարծես թե պետք էր կանխել»,- գրել է Թրամփը:
Ավելի ուշ, դիմելով երկրին և պատասխանելով լրագրողների հարցերին, Թրամփն ասաց, որ Վաշինգտոնը կապի մեջ է Մոսկվայի հետ, քանի որ ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների թվում կան ռուսներ։
«Մենք արդեն կապի մեջ ենք Ռուսաստանի հետ», - ասել է Թրամփը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Վաշինգտոնը կհեշտացնի Ռուսաստանի քաղաքացիների աճյունների վերադարձը. «Այո, մենք դա կանենք»։ Նա պարզաբանել է, որ ուղեւորատար ինքնաթիռում եղել են նաեւ այլ երկրների քաղաքացիներ։