Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը օրերս հրապարակված իր «ՀՀ 2025 թվականի արտաքին անվտանգության ռիսկերի վերաբերյալ» զեկույցում բարձր չի գնահատել Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ լայնածավալ ռազմական հարձակման հավանականությունը 2025 թվականին:
Միևնույն ժամանակ, ըստ հետախուզական գերատեսչության, «պայմանագրահենք խաղաղության և միջպետական հարաբերությունների բացակայության պայմաններում որպես Հայաստանի դեմ ուժի սպառնալիքի ադրբեջանական քաղաքականության գործիքակազմի մաս, կշարունակի պահպանվել սահմանին տեղային լարվածությունների և էսկալացիայի առաջացման ռիսկը, որի որոշակի նվազեցման երաշխիք կարող է լինել 2024 թվականից մեկնարկած սահմանազատման և սահմանագծման գործընթացի սահուն շարունակությունը՝ համաձայն երկուստեք հաստատված ընթացակարգի»:
Բաքվի ու Երևանի միջև խաղաղության հաստատման կարևորությունը օրերս քննարկել է նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն` հունվարի 23-ին Թուրքիայի իր գործընկեր Հաքան Ֆիդանի հետ ունեցած իր հեռախոսազրույցում:
Your browser doesn’t support HTML5
Այսօր Բաքվին բնորոշ են անզիջուն ու կոշտ դիրքորոշումներ Հայաստանի հետ հարաբերություններում. վերլուծաբան
Պետքարտուղարության հաղորդագրության համաձայն՝ մի շարք հարցերի հետ մեկտեղ պետքարտուղար Ռուբիոն և արտգործնախարար Ֆիդանը քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև «կայուն և արժանապատիվ խաղաղության հաստատման կարևորությունը»։
Չնայած դրան՝ Հայաստանի իշխանությունները վերջին շրջանում մեկ անգամ չէ, որ մտահոգություն են հայտնում Ադրբեջանի գործողությունների ու իրավիճակի հնարավոր սրման կապակցությամբ: Դեռևս հունվարի 8-ին «Արմենպրեսին» տված գրավոր հարցազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «թերևս Բաքուն փորձում է տարածաշրջանում էսկալացիայի «լեգիտիմություն» ձևավորել»:
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ևս լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում իր մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից հնչող հայտարարությունների կապակցությամբ: «Բացի դրանից, մենք տեսնում ենք, որ ինտենսիվ զորավարժություններ են անցկացվում, բացի դրանից տեսնում ենք ինտենսիվ թռիչքներ այլ երկրներից, որոնք, ամենայն հավանականությամբ, ռազմական տեխնիկա են տեղափոխում Բաքու»,- ասել է Գրիգորյանը:
Տարածաշրջանում ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման հավանականության վերաբերյալ ամերիկացի վերլուծաբանները տարակարծիք են: German Marshall Fund հիմնադրամի վերլուծաբան Դեյվիդ Սալվոն զգուշավոր լավատեսություն է հայտնում, թե խաղաղության համաձայնագրի կնքումը հեռու չէ:
«Իհարկե, երբեք հնարավոր չէ վստահաբար պնդել, որ էսկալացիա չի լինի: Բայց ադրբեջանական տեսանկյունից Բաքուն ստացել է ամենաշատը, եթե ոչ ամենն, ինչ ցանկանում էր: Չեմ կարծում, որ նրանց իրականում ձեռնտու է ռազմական գործողությունների վերսկսումը: Կարծում եմ, որ հայկական տեսանկյունից էլ, այս պահին շատ քիչ բան կա անելու, բացի հնարավորինս արագ խաղաղության համաձայնագրի կնքումից»,- «Ամերիկայի ձայնին» է ասել Սալվոն:
Իր հերթին, նախկին զինվորական, Արտաքին քաղաքականության ուսումնասիրության ինստիտուտի վերլուծաբան Ռոբերտ Համիլթոնը «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում հնարավոր է համարում նման զարգացումը՝ հաշվի առնելով Ադրբեջանի նախագահ Ալիևի ռազմատենչ հռետորաբանությունը վերջին մեկ տարվա ընթացքում: Նա խոսում է բոլորովին այլ բաների մասին այսօր՝ համեմատած 2020-2023 թվականների հետ, Լեռնային Ղարաբաղի շուրջ էսկալացիայի ժամանակ:
«Այժմ նա խոսում է այն տարածքների մասին, որոնք գտնվում են միջազգայնորեն ճանաչված հայկական սահմանների ներքո: Նա խոսում է միջանցքի մասին և պնդում, որ Ադրբեջանը պետք է ունենա կամ վերահսկի Նախիջևան տանող միջանցքը: Եվ սրանք իսկապես տարբեր բաներ են: Իմ կարծիքով՝ խոսքը այլ տեսակի և ավելի վտանգավոր ռազմական էսկալացիայի մասին է, քան այն, ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում»,- ասում է Համիլթոնը:
Նրա կարծիքով՝ կայուն խաղաղության գրավականն է արտաքին ուժերի ճնշումը կողմերի նկատմամբ և միջազգային խաղաղապահ կոնտինգենտի առկայությունը:
«Տարածաշրջանի պատմությունը ցույց է տվել, որ կողմերն իրենք չեն կարող դիվանագիտական ճանապարհով կարգավորել հակամարտությունը. առկա են չափազանց շատ իրարամերժ շահեր, որոնք հաճախ ամբողջովին հակադրվում են միմյանց: Կպահանջվի արտաքին ուժերի որոշակի ներգրավվածություն և միգուցե արտաքին ուժերի ճնշումներ մեկ կամ երկու կողմերի վրա՝ հրաժարվելու այն պահանջներից, որոնցից նրանք չեն ցանկանում հրաժարվել՝ կայուն խաղաղություն ստանալու համար»,- ասում է Համիլթոնը:
Նախկինոմ Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի հարցում Երևանը վարում էր անզիջուն քաղաքականություն, որը զգալի չափով փոփոխության ենթարկվեց «2020 թվականի Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով»` «Ամերիկայի ձայնի» վրացական ծառայությանը տված հարցազրույցում նշել է Ատլանտյան խորհրդի ավագ վերլուծաբան Ջոն Հերբսթը՝ ընդգծելով՝ այսօր անզիջուն ու կոշտ դիրքորոշումներն այլևս բնորոշ են Բաքվին:
«Շատ կարևոր փոփոխություն է: Բացի այդ, կարծում եմ՝ Հայաստանի կառավարությունը գիտակցել է, որ Կրեմլին ապավինելը իրականում չափազանց ինքնակործան քաղաքականություն է, քանի որ երբ սկսվեց 2020 թվականի պատերազմը, Մոսկվան ավելի շատ աջակցում էր Ադրբեջանին»,- ընդգծում է Ջոն Հերբսթը:
Ըստ նրա՝ դրանցով է պայմանավորված այսօր Երևանի ջանքերն ու ձգտումները՝ ավելի խորացնել կապերը Միացյալ Նահանգների ու ԵՄ-ի հետ: