ԱՄՆ պետքարտուղարության հաղորդման համաձայն՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոն զրուցել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ՝ վերահաստատելու ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների կարևորությունը, Թուրքիայի դերը՝ որպես ՆԱՏՕ-ի առանցքային դաշնակցի, և ընդհանուր շահերը տարածաշրջանում։
«Պետքարտուղար Ռուբիոն ընդգծել է Սիրիայում ներառական անցման ապահովման անհրաժեշտությունը՝ վստահ լինելու համար, որ նոր կառավարությունը թույլ չի տա Սիրիային դառնալ միջազգային ահաբեկչության կենտրոն, և կզրկի օտարերկրյա չարագործ դերակատարներին Սիրիայի անցումը սեփական նպատակների համար օգտագործելու հնարավորությունից»:
Հաղորդագրության մեջ նաև ասված է. «Պետքարտուղարը և արտգործնախարարը քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության հաստատման կարևորությունը։ Պետքարտուղարը նաև իր խորին ցավակցությունն է հայտնել Բոլուի հյուրանոցի ողբերգական հրդեհի հետևանքով զոհվածների և վիրավորների համար»: