Մատչելի հղումներ

 
Չնայած անցյալի լարվածությանը՝ Էրդողանը Թրամփի նոր նախագահությունը համարում է հնարավորություն

Չնայած անցյալի լարվածությանը՝ Էրդողանը Թրամփի նոր նախագահությունը համարում է հնարավորություն


Դոնալդ Թրամփ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան
Դոնալդ Թրամփ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան

Դիտորդների խոսքով՝ ԱՄՆ նախագահի պաշտոնին Դոնալդ Թրամփի վերադարձը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընկալում է որպես հնարավորություն՝ վերականգնելու «սերտ աշխատանքային հարաբերությունները» Վաշինգտոնի հետ։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ողջունել է Դոնալդ Թրամփի վերընտրվելը ԱՄՆ նախագահի աթոռին, և դիտորդների խոսքով, պատճառը շատ պարզ է՝ Անկարայում Թրամփին ընկալում են որպես մի գործչի, ում հետ «կարող են բիզնես անել»։

«Երկու ղեկավարներն էլ դիվանագիտական հարաբերություններին մոտենում են գործարք կնքելու հնարավորության տեսանկյունից։ Էրդողանը կարծում է, որ, ինչպես ինքը, Թրամփը նույնպես պրագմատիկ մարդ է, և որ այս անգամ նա կարող է պահել Սիրիայից ամբողջությամբ դուրս գալու իր խոստումը»,- ասում է Թուրքիայի նախկին բարձրաստիճան դիվանագետ, վերլուծաբան Այդըն Սելչենը։

Հիշեցնենք՝ առաջին պաշտոնավարման ժամանակ Թրամփը խոսում էր Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին, որոնք այնտեղ են աջակցելու քրդական YPG-ին՝ «Իսլամական պետության» գրոհայինների դեմ պայքարելու համար։

Էրդողանը Թրամփի նոր նախագահությունը համարում է հնարավորություն` չնայած անցյալի լարվածությանը
please wait

No media source currently available

0:00 0:03:04 0:00

Անկարան, ինչպես հայտնի է, YPG-ին համարում է ահաբեկչական խմբավորում։

Դիտորդները, սակայն, նախազգուշացնում են, որ Սիրիայում ալ-Ասադների ռեժիմի տապալումից հետո և իսլամիստական արմատներ ունեցող «Հայաթ Թահրիր աշ-Շամի» իշխանության պայմաններում առկա անորոշության ֆոնին՝ ամերիկյան զինուժի դուրսբերումը քիչ հավանական է։

Թուրք քաղաքական մեկնաբան Սեզին Օնեյն ասում է. ««Իսլամական պետության» վերածնունդը կանխելու համար Թրամփի վարչակազմը շահագրգռված կլինի պաշտպանել YPG-ին, քրդերին, պահպանել դաշինքը քրդերի հետ։ Փոխնախագահ Ջեյ Դի Վենսը «Իսլամական պետությունը» սպառնալիք է համարում»։

Սակայն Վաշինգտոնի հետ Անկարան ունի նաև ընդհանուր մտահոգություն՝ տարածաշրջանում Իրանի ազդեցությունը, ինչը հիմք է ստեղծում Էրդողանի ու Թրամփի համար՝ միասին աշխատելու։

«Թրամփի վարչակազմը գալիս է Թուրքիայի հետ հարաբերությունները կայունացնելու ցանկությամբ, և մենք, ամենայն հավանականությամբ, կտեսնենք ավելի շատ անձնական հարաբերություններ, որոնք բացակայում էին Բայդենի վարչակազմի ժամանակ»,- նշում է Վաշինգտոնում գործող Բրուքինգս ինստիտուտի վերլուծաբան Ասլի Այդինթաշբաշը։

Ըստ դիտորդների՝ Էրդողանը հույս ունի, որ Թրամփի վարչակազմը կստիպի ԱՄՆ Կոնգրեսին վերացնել Անկարային F-35 կործանիչների վաճառքի արգելքը։

Թուրքիան կարող է նաև օժանդակ դեր խաղալ Ուկրաինայում պատերազմին վերջ տալու Թրամփի հետագա ջանքերի ժամանակ՝ հաշվի առնելով Էրդողանի սերտ կապերը Կիևի ու Մոսկվայի հետ։

«Եթե Թրամփը ձգտում է հրադադար հաստատել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, Թուրքիան կարող է լինել հնարավոր միջնորդ։ Թուրքիան կարող է շատ օգտակար լինել ԱՄՆ քաղաքականության իրականացման գործում»,- ասում է Գերմանական Մարշալի հիմնադրամի՝ Անկարայի գրասենյակի ղեկավար Օզգուր Ունլյուհիսարջիլին։

Շատերը հիշում են, որ առաջին պաշտոնավարման ժամանակ Թրամփը սպառնաց հարվածել թուրքական տնտեսությանը, քանի որ Էրդողանը սպառնացել էր գրոհել ԱՄՆ աջակցությունը վայելող սիրիական քրդերի վրա։ Հետևանքը եղավ թուրքական արժույթի՝ լիրայի անկումը։

Դիտորդների խոսքով՝ Թուրքիայի տնտեսության ներկայիս անմխիթար վիճակը լուրջ պատճառ է Էրդողանի համար այժմ ավելի զգույշ գործելու։

XS
SM
MD
LG